Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղվելով իր հավաստի աղբյուրին, նախօրեին ևս մեկ հոդված է հրապարակել, որում «գույքագրում» է Հայաստանից Ադրբեջանի «կոնկրետ պահանջները»։ Ադրբեջանի պահանջները համարակալված են «ըստ սադրիչ գործողությունների հնարավորության», այսինքն՝ ըստ նրա, «թե որքանով դրանք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար»։ Օրաթերթի «Հավաստի աղբյուրի» տվյալներով, պահանջները 5-ն են․
1․ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2․ ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3․ Միջանցք Հայաստանի տարածքով:
4․ Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5․ Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով։
Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար, ըստ ՀԺ-ի, պետք է հասցեագրել հենց այս հարցերը․ «Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»:
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի կարծիքով՝ օրաթերթի անանուն հրապարակման մեջ ներկայացված կետերի մի մասի իսկությունը հարցերի տեղիք չի տալիս (դրանք ձևակերպվել են նաև պաշտոնական հայտարարություններում)։ Մյուս մասը ակնհայտորեն անիրագործելի կամ միտումնավոր տեխնիկական է և, եթե իրոք արծարծվում է բանակցությունների ընթացքում, ապա՝ ավելի շուտ որպես «թրոլինգ», «շանտաժ» կամ «հավելում՝ Հայաստանին կապիտուլիացիայի ենթարկելու ուժային գործիքակազմին»։
«Վստահ չեմ, որ Հայաստանի հետ բանակցություններում Ադրբեջանի պահանջների հրապարակված ցանկը ամբողջական է կամ ստույգ, բայց, եթե այդպես է, ապա պատկերը հետևյալն է․
1 և 2 կետերը (Արցախի բանակի լուծարում և հրաժարում ցանկացած կարգավիճակից) բավականին կանխատեսելի և տրամաբանական են՝ ադրբեջանական կողմի թեզերի տեսանկյունից, չնայած սա հենց Հայաստանի իշխանություններից պահանջելը տեխնիկապես մի քիչ խնդրային է։
Դրանց էությունը հետևյալն է․ իրավաբանորեն և փաստացի Արցախի հայ բնակչությանը թողնել դեմառդեմ Ադրբեջանի իշխանությունների հետ, վերջիններիս քարտ-բլանշ տալ՝ Ղարաբաղի հայերի նկատմամբ ցանկացած գործողության համար՝ երաշխավորելով, որ Հայաստանը որևէ կերպ չի միջամտի այդ պրոցեսին։
3․ Սյունիքով միջանցքին վերաբերող կետը արդեն բավականին հայտնի է և կարևոր՝ Ալիևի համար», – գրել է քաղաքագետը։
Առավել ուշագրավ է, ըստ նրա, 4-րդ կետը։
«1919 և 1920 թթ․ քարտեզների հիման վրա սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային վերաբերող կետը, եթե այն ճիշտ է փոխանցվել, արտացոլում է այս հարցին Ադրբեջանի իշխանությունների բացարձակ մանիպուլյատիվ վերաբերմունքը և դրա շահարկումը որպես առևտրի առարկա, ընդ որում՝ մեծապես անբովանդակ առարկա։
1919 և 1920 թվականների ոչ մի քարտեզ էլ չկա, որի հիման վրա հնարավոր կլիներ սահմանների դելիմիտացիա իրականացնել, քանի որ այն ժամանակ այս երկու պետությունների միջև մշտական սահման որպես այդպիսին գոյություն չուներ, նշված ժամանակահատվածում, օրինակ, նույն Նախիջևանը գտնվել է նախ Հայաստանի, հետո՝ տեղական մուսուլմանական խորհրդի, հետո՝ թուրքերի վերահսկողության ներքո, լեռնային շրջանները՝ նախ տեղական հայկական բնակչության, հետո՝ բոլշևիկների և քեմալիստների վերահսկողության ներքո և այդպես շարունակ։
Այստեղ ադրբեջանական կողմը, հավանաբար, նկատի ունի 1918-1920թթ․ Ադրբեջանի Հանրապետության ինքնաշեն քարտեզները և հավակնում է ժամանակակից Հայաստանի հարավային և արևելյան շրջաններին, ինչը այս կետը վերջնականապես անլուրջ է դարձնում։ Եթե դրան, ամեն դեպքում, լուրջ վերաբերվել, այն, ըստ էության, տարածքային հավակնություն է Հայաստանի Հանրապետության հարավային և արևելյան շրջանների նկատմամբ։
Հարկավոր է հասկանալ, որ այս կետը, որոշ չափով, ալիևյան քարոզչության ոճի պատասխան է հայ փորձագետների մի հատվածում պոպուլյար, բացարձակապես վտանգավոր միֆոլոգեմային 1920-ականների սահմանների մասին՝ իբրև Հայաստանի համար ավելի շահավետ, որը ակտիվորեն շրջանառվում էր 2020 թվականի պատերազմից հետո՝ բանակցությունների նախնական փուլում, և ստացավ այ այսպիսի պատասխան ադրբեջանական կողմից», – նշել է Մելիքսեթյանը։
Առաջին պատերազմի տարիներին անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ճշգրտմանը վերաբերող կետը հումանիտար հարց է, ըստ նրա՝ նման հարցերը սովորաբար քննարկվում և լուծվում են հարաբերությունների կարգ կարգավորման փուլում, ոչ թե՝ դիտարկվում որպես կարգավորման նախապայման։
«Ընդհանուր առմամբ՝ սա կետեր են, որոնք իսկապես կարևոր նշանակություն ունեն ադրբեջանական կողմի համար (Արցախի ամբողջական կլանում, հայկական բնակչության համար ցանկացած կարգավիճակի մերժում, դեպի Նախիջևան և Թուրքիա միջանցք Հայաստանի տարածքով), և կետեր, որոնք ադրբեջանական կողմը ներառել է կամ թրոլինգի, կամ շանտաժի համար։
Միևնույն ժամանակ, առաջին երեք կետերում արտացոլված դիրքորոշումների մաքսիմալիզմը՝ 4-րդ կետի անիրատեսականության և 5-րդի ֆորմալության հետ համադրությամբ, բոլորովին տեղին տպավորություն են թողնում, որ այս փուլում Ադրբեջանը դիտարկում է դրանք զուտ որպես հավելում՝ Հայաստանին «կապիտուլիացիայի» ենթարկելու իր ուժային գործիքակազմին։
Եթե ադրբեջանական կողմը իրոք ցանկանար կենտրոնանալ Հայաստանի հետ խնդիրների կարգավորման դիվանագիտական ուղու և «խաղաղության պայմանագրի» օրակարգ ներկայացնելու վրա, նրանք, վստահ եմ, ի վիճակի կլինեին ստեղծել անհամեմատ ավելի որակյալ փաստաթուղթ, ինչը ինքնին բավականին պերճախոս փաստ է», – եզրակացրել է փորձագետը։
ՀԺ-ի այս «արտահոսքը»՝ ճիշտ այնպես, ինչպես ռուսական կողմի «ցանկությունները» բացահայտող այսօրվա հրապարակումը, հասցեագրված էր «վեհափառ հայրապետին, 3 նախագահներին և փորձագիտական հանրությանը»։ Ըստ էության՝ դրանք արձագանքում են Մայր Աթոռում տեղի ունեցած՝ նախկին նախագահների խորհրդակցությանը և դրան հաջորդած քննարկումներին։