Աստանայում այսօր
— Թուրքիայի նախագահը պինգ պոնգ է խաղացել Ղազախստանի ղեկավարի հետ,
— հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները,
— մեկնարկել է ԱՊՀ պետությունների արտգործնախարարների նիստը,
— տեղի է ունենում Ասիական համաժողով, որին մասնակցում է նաև Ադրբեջանը։
Վաղը Աստանա են ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլն․
— Ռուսաստանի նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ,
— Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահի հետ,
— Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների դռնփակ հանդիպումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, Աստանա
Էրդողան-Պուտին
Ռեջեփ Էրդողանն այսօր ժամանել է Ղազախստան։ Ղազախստան է ժամանել նաև Իլհամ Ալիևը։ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մասնակցում էին Եվրոպական համաժողովին, մասնակցում են նաև Ասիականին («Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման 6-րդ համաժողովին»)։
Վաղը տեղի կունենան Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները։ Օրակարգը հայտնի չէ։ France-Presse-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները, գրում է, թե հանդիպումը տեղի կունենա Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է միջնորդական դեր ստանձնել պատերազմող Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Անկարան հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին, մինչ այս՝ «վարել է» հացահատիկի գործարքի կամ գերիների փոխանակման շուրջ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները:
Նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի և Սերգեյ Շոյգուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել․ Աքարը վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու ռուս – ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն:
Պուտին-Ալիև
Էրդողանից բացի՝ հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի նաև Իլհամ Ալիևին։
Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կքննարկեն «ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները»:
Աստանա կմեկնեն նաև Հայաստանի վարչապետն ու փոխվարչապետը՝ Մհեր Գրիգորյանը։ Այցը երկօրյա է՝ հոկտեմբերի 13-14։
Հաղորդվում է, որ Փաշինյանը կմացնակցի ԱՊՀ խորհրդի հերթական նիստին։ Այլ բան չի հաղորդվում։
Հոկտեմբերի 14-ին նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։ Նախաձեռնողը Մոսկվան է։ Օրակարգը հայտնի չէ։
Պրահայում ընդունված քառակողմ (Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել) հայտարարությունից հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը կրկին դժգոհել էր, որ ԵՄ փորձում է «ամեն գնով միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, դուրս մղել Ռուսաստանին» և հայտարարել՝ բանալին հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունների իրագործման մեջ է։
Միրզոյան-Լավրով այսօրվա բանակցությունների մասին Հայաստանի արտգործնախարարությունը պրոտոկոլային հայտարարություն է տարածել, որում շեշտել է՝ «մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ», իսկ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ «հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում»։
Մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բիշքեկում հարցազրույց է տվել և հայտարարել, թե Ադրբեջանը «Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի ընդլայնված տարրերը», որոնք լրացնում են նախկինում ներկայացված 5 հիմնական սկզբունքները․ հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար։