Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները այսօր առավոտվանից դասադուլ են անում՝ բուհը չփակելու պահանջով։
Ըստ ուսանողների ու դասախոսների՝ Կառավարությունը որոշել է համալսարանը միացնել Մանկավարժականին ու Ֆիզկուլտ ինստիտուտին։
«Եթե ես ուզենայի սովորել Մանկավարժականում, դեմից էլ Մանկավարժական կտայի կամ Ֆիզկուլտ ինստիտուտ։ Ես որպես հասուն մարդ, հասկանում եմ, որ ներկայիս դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ուսուցիչ, ցանկացած մանկավարժ ստանում ա ցածր աշխատավարձ։ Ես չեմ կարա 70-80 հազար աշխատավարձով ընտանիք պահեմ», – ասում է ուսանողներից մեկը։
Բուհի փակվելու մասին լուրը ուսանողներից ոմանք իմացել են դասախոսներից, ոմանք էլ՝ դեկաններից մեկի ֆեյսբուքյան էջի գրառումից։
Բրյուսովի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել համալսարանը։
«Երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը», – գրել է Ակոպյանը։
Ուսանողների համոզմամբ՝ համալսարանի շենքը ցանկանում են դարձնել մասնավոր սեփականություն, ավելի կոնկրետ՝ հյուրանոց։
«Ես պատրաստ եմ ցանկացած քայլի, որպեսզի թույլ չտամ, որ համալսարանի շենքը շահարկվի այլ նպատակներով», – ասում է ուսանողներից մեկը։
Ուսանողական ու դասախոսական անձնակազմը ստորագրահավաք է կազմակերպում՝ Կառավարության որոշման դեմ։ Դասախոսներից մեկը հայտնեց, որ համալսարանի անունից դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, ինչպես նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին, որ կազմակերպվի քննարկում, որովհետև հարցը համալսարանի աշխատակազմի և ուսանողության հետ չի քննարկվել։
ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը Infocom-ի հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա ժամերի ընթացքում նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք՝ այն մասին, որ բուհերը խոշորացվելու են հայտնի էր դեռևս սեպտեմբերի 1-ից։ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նպատակն է ունենալ առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ։ Նորացվող ու միավորվող բուհերը ժամանակի ընթացքում տեղափոխվելու են Ակադեմիական քաղաք՝ Աշտարակ։