«Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում», – հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին։
Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ` Փաշինյանը խոսեց ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրության, մասնագիտական ոչ պատշաճ կրթության ու հանրակրթական մի շարք խնդիրների մասին։
«Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60%-ը թափուր են մնացել։ Ընդ որում, պետական բուհերում թափուր են մնացել տեղերի ավելի քան 40%-ը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98%-ը»։
Փաշինյանի խոսքերով՝ հայաստանյան բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Երկրում կա՛մ չկան բուհական ստանդարտներ, կա՛մ չեն գործում։ Բարձրագույն դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում։
«Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ։ Այդ բուհերը, լիարժեք պետական ֆինանսավորմամբ, կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին․ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից, մինչ միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը»։
Ակադեմիական քաղաքի վայրն արդեն որոշվել է․ այն կկառուցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և միավորվող նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ։
Փաշինյանը հայտնեց նաև, որ մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկաապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու նախընտրական ծրագիրը մեկնարկել է։ Կառավարությունը 2 միլիարդ 232 միլիոն դրամ է ուղղելու կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումն ու դրանց գույքային հագեցվածությունն ապահովելու համար։
«Այս ծրագրի իրականացման արդյունքում, նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու»։