2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագիծն ընդունվեց այսօրվա Կառավարության հերթական նիստին։
Ըստ նախագծի կբարձրանան՝
— աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 000 դրամ՝ 18 000 դրամի փոխարեն,
— զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20 000 դրամ՝ 18 000 դրամի փոխարեն,
— նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30 500 դրամ՝ 28 600 դրամի փոխարեն,
— պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝
ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45 000 դրամ՝ 43 000 դրամի փոխարեն,
բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35 000 դրամ՝ 33 000 դրամի փոխարեն,
գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32 000 դրամ՝ 30 000 դրամի փոխարեն,
— պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 32 000 դրամ՝ 30 000 դրամի փոխարեն։
— ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ 30 500 դրամ՝ 28 600 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39 000 դրամ՝ 37 000 դրամի փոխարեն։
Ըստ նախարարի՝ արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը նույնպես կավելանա շուրջ 3 100 դրամով՝ 43 200 դրամից կդառնա 46 300 դրամ, իսկ զինվորական կենսաթոշակները կավելանան 5 200 դրամով՝ 75 000 դրամից դառնալով 82 750 դրամ։
Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսական լավ ցուցանիշներ են արձանագրվել, ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բավականին լավ տնտեսական ցուցանիշներ ունենք և հարկային եկամուտների մասով, ըստ էության, գերակատարել ենք ավելի քան 70 միլիարդ դրամով, և որոշումը, որ պետք է իրականացնեինք 2023 թ․-ի հունվարի մեկից, իրականացնում ենք 2022 թ․-ի սեպտեմբերից։ Ընդամենը մի բան է փոխվում, հունվարի 1-ը առաջ բերեցինք սեպտեմբերի 1, և մեր պլանը այն է, որ հաջորդ բարձրացումը տեղի կունենա 2023 թ․-ի հուլիսի 1-ից» – պարզաբանում է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Կառավարությունը հայտարարել էր, որ 2022թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 13%-ով։