Home / Հայաստան / Օրվա հացի համար փողոցային առևտրով զբաղվողների ապրանքները կառգրավվեն

Օրվա հացի համար փողոցային առևտրով զբաղվողների ապրանքները կառգրավվեն

«Կառավարությունը թող մտածի՝ թոշակառուին ինչ ձև բավարարի, որ թոշակառուն չգա էստեղ նստի՝ կանաչի ծախելու»։

Կառավարությունը այսօրվա նիստին հավանություն տվեց փողոցային առևտուրը վերացնելու նախագծին։ 

Այժմ, տուգանելուց բացի, Քաղաքապետարանն իրավունք կունենա առգրավել վաճառողների ապրանքները, որից հետո հնարավոր կլինի «իրավական գործընթաց» սկսել։

«Երևան համայնքը և մեր այլ համայնքներ բախվում են հետևյալ խնդրին․ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր են կիրառվում, վարչական ակտեր, խնդիրը չկարգավորված է մնում», – նախագիծը հիմնավորում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Գալիս են, չեն թողնում, փախնում ենք

«Եթե էս չանեմ, միայնակ կնիկ, ո՞նց ապրեմ։ Պետությունը թող միայնակ կնգան մի հատ հավաբուն գոնե տա։ Մեր տունը ո՛չ կռիշ ունի, ո՛չ պատուհան, ո՛չ լույս, ո՛չ գազ։ Թոշակ էլ չեմ ստանում, հոգեկան հիվանդ եմ, անգրագետ կնիկ եմ, չեմ կարում իմ իրավունքները պաշտպանեմ, որ թոշակ հանեմ՝ նստեմ տունը, չգամ էստեղ», – Epress.am-ի հետ զրույցում պատմում է մրգեր վաճառող Շուշանը։

«Թոշակով էլ չես կարա ապրես։ 39 հազարն ի՞նչ ա որ։ Էն ա ես ստանում եմ, բայց մեկ ա էստեղ եմ, – միջամտում է կանաչի վաճառող Անահիտը․ – Կառավարությունը թող մտածի՝ թոշակառուին ինչ ձևի բավարարի, որ թոշակառուն չգա էստեղ նստի կանաչի ծախելու»։

Քաղաքապետարանի աշխատակիցները, որպես այլընտրանք, Անահիտին ու Շուշանին առաջարկում են շուկայում վաճառել ապրանքները։

«Ցանկացած քաղաքում դնում, ծախում են փոողոցներում։ Էդ ո՞նց եղավ, որ էստեղ արգելում են։ Արի գնանք միասին շուկայում կանգնենք, մի ժամվա մեջ տես հեչ ապրանք կծախվի՞», – ասում է Անահիտը։ 

«Ամեն օր գալիս, ասում են՝ շենքի հետևը տեղափոխենք ապրանքները։ Բայց շենքի մարդիկ էլ նեղվում են, որ մեր ապրանքը դնում ենք էնտեղ, – հավելում է Շուշանը․ – Միսը, երշիկը չգիտենք ինչ բան ա․․․ Էդ օլիգարխներն ու հարուստներն են ուտում։ Էս [մրգեր վաճառելը] որ չանեմ, օրվա հաց էլ չեմ ունենա»։

Կկարողանանք բռնագրավել և խնդիրը կլուծվի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կառավարության նիստին հիմնավորում էր նախագիծը։ Ըստ նրա՝ Քաղաքապետարանը վերլուծություն է արել և եզրակացության եկել, որ գործող գործիքակազմը բավարար չէ իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու համար, և շատ դեպքերում քաղաքացիներից տուգանքները գանձել չի ստացվում։

«90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և այդպես գնում են, սնանկ են դառնում: Այս խնդրի լուծումը որպես այդպիսին մենք տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք այն միջոցները, որոնք օգտագործում են ծառայություններ մատուցելու, կամ առևտուր են իրականացնում, կարողանանք բռնագրավել, որով, կարծում ենք, որ այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել: 

Պարբերաբար Երևան քաղաքում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամեն ինչը նորից կրկնվում է, և վստահ ենք, որ այս օրենքի ընդունմամբ կկարողանանք այդ հարցն ամբողջովին լուծել», – պարզաբանում է Երևանի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ խաղալիքներ, անգամ կենդանիներ, փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են վաճառում և չգիտեն՝ ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում:

Ըստ գործող օրենքի՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու դեպքում կիրառվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձից մինչև նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: 

Հիշեցնենք՝ հունիսի վերջին քաղաքապետարանը հայտնել էր, որ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում, որոնք ավելի կոշտ մոտեցում են նախատեսում, այդ թվում՝ փողոցային առևտուր իրականացնողների ապրանքների առգրավում։