Կանխիկ գումարով խաղադրույք անել շուտով հնարավոր չի լինի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է խաղադրույքներին առնչվող օրենսդրական փաթեթը։
6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշվի կամ քարտի միջոցով. վճարային սարքերով խաղադրույքների համար գումար փոխանցելու հնարավորություն այլևս չի լինի։
Նախագծի հեղինակները ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանն են։ Վերջիններս կարծում են, որ սա կնպաստի ֆինանսական միջոցների շրջանառության վերահսկելիությանը և կկրճատի խաղամոլության ծավալները։
«Մենք ապագայում իրականացնելու ենք այլ գործողություններ, որոնք ևս միտված են լինելու խաղամոլության դեմ պայքարին։ Պարզապես նաև այս եղանակով մենք ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում և այնուհետև որոշակի սահմանփակումներ կիրառել տարբեր իրավիճակներում խաղալու հնարավորորությունների հետ կապված», – ասել է Պապոյանը։
Պատգամավորը հավելել է, որ խաղադրույքների ոլորտում, համեմատած մյուս համադրվող բիզնեսների, հարկերը բազմապատիկ ավելի քիչ են և ընդգծել, որ ոլորտում հարկերն ավելացնելու լավ հնարավորություն կա:
Նախագծին, հիշեցնենք, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել դեռևս ապրիլին։ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 1․6 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ գումարները, որ հասել են բուքմեքերական կազմակերպություններին, երկու անգամ գերազանցում են ողջ պետության բյուջեի եկամուտները։