Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի տարեկան զեկույցը: Զեկույցը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019-ը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին տարին էր, և այդ տարին է, որ մեզ պետք է լիարժեք պատկերացում տա հետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարադկը` 7,6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների համեմատ», – նշեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի 2019-ի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Նա նշեց, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12 տոկոս․ 2008 թ․-ից հետո առաջին անգամ մշակող արդյունաբերությունը 2019 թվականին դարձել է ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը:
Ամենաբարձր տնտեսական աճը արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտներում` նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով։ Զբոսաշրջիկների թիվը 2019 թվականին աճել է 14,7 տոկոսով:
«2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 միլիարդ դրամով, և այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6 տոկոսով: 199,1 միլիարդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորություները, այսինքն գերավճարների հարցը լուծել ենք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ 2019-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 22,3 տոկոս` նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ։
Առաջին խոշոր հազար հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավելացել է, իսկ 2017-ի համեմատ` 31 տոկոսով:
«2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23,5 տոկոսային կետի, ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 1,4-ից մինչև 1 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ֊ում միջին անվանական աշխատավարձը ավելացել է 5,8%-ով։ 2019 թվականի հունիսի մեկից զինված ուժերի ծառայողների ամսական վարձատրությունը՝ կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացել է մինչև 30 տոկոսով։ Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2600 դասախոսների, առաջին օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացել են 10-30 տոկոս։ Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի և կրտսեր խմբի աշխատողների աշխատավարձը բարձրացել է մինչև 52 տոկոսով։ 2020 թ․ հունվարի մեկից ՔԿՀ ծառայողների աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով։ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել և սահմանվել է 68 հազար դրամ։
Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1֊ից բարձրացրել է 64084 նպաստառուների նպաստների, 3307 զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը` նվազագույնը սահմանելով 25500 դրամ, 2019 թ․ հունվարի 1-ից բարձրացվել է նաև 21785 աշխատանքային և 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակներ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25500 դրամը։2020 թ հունվարի 1֊ից կենսաթոշակների չափը բարձրացել է միջինը 10 տոկոսով», – ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, որ 2018-ի մայիսից մինչև 2019-ի վերջ ստվերից դուրս է եկել կամ ստեծվել է ավելի քան 87 հազար աշխատատեղ, 2019-ի երրորդ եռամսյակի դրությամբ` գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակը` 2,5 տոկոսային կետով: Վարչապետը նաև հիշեցրեց, որ 2018-ի մայիսից մինև այսօր ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու կամ աշխատավարձը կամ նպաստը կամ թոշակը բարձրացվել է:
Փաշինյանը նաև անդրադարձավ պետական պաշտոնյաների աշխատավարձի բաձրացման հարցին․ «Այո, իմ որոշմամբ է դա տեղի ունեցել և տեղի է ունեցել, որովհետև հեղափոխական հարթակից խոստացել եմ, որ պետական պաշտոնյաների աշխատավարձը կբարձրացվի»:
Նրա խոսքով` կառավարությունը որդեգրել է պետական կառավարման համակարգի, հատկապես դատաիրավական համակարգի աշխատավարձերի բարձրացում: «Որովհետև մենք համոզված ենք, որ դա է անկախ դատական համակարգ ունենալու արդյունավետ ճանապարհը», ֊ ավելացրեց նա:
Խոսելով 2019-ի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստների մասին, վարչապետն ասաց, որ աճը կազմել է 26,1 տոկոս կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ դոլար` տարեվերջին հասնելով 2,85 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ըստ վարչապետի` Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ է նման ցուցանիշ արձանագրվում:
«Բանկային համակարգի ակտիվները տարեսզկբից աճել են 16,9 տոկոսով կամ 842 միլիարդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը 16,9 տոկոսով կամ 528 միլիարդ դրամով աճել է, ավանդների ծավալը` 20,7 տոկոսով կամ 611 միլիարդ դրամով: Շատ կարևոր է արձանագրել, որ 2019-ի արդյունքներով` առևտրային բանկերի տրամադրած վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, դեկտեմբերին կազմելով ռեկորդային ցածր` 0,85 ցուցանիշ: Սա նշանակում է, որ դեկտեմբերի դրությամբ Հայաստանի քաղաքացիների վարկունակությունը եղել է աննախադեպ բարձր»,-ասաց նա:
Խոսելով մետաղական հանքարդյունաբերության մասին` վարչապետը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում դադարեցվել է չորս մետաղական հանքերի շահագործման իրավունքը, որոնցից երեքը եղել են ոսկու, չորրորդը` պղնձի հանքավայր: 2019-ի ընթացքում տնկվել է 500 հազար ծառ: Ըստ Փաշինյանի` Սևանա լճից ջրառը նվազագույնն է եղել վերջին տաս տարիների ընթացքում:
Խոսելով զինված ուժերում կատարված աշխատանքներիի վերաբերյալ՝ վարչապետն ասաց, որ առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիքով:
«Այսօրվա դրությամբ ժամկետային զինծառայողների 74 տոկոսը սնվում է նոր սննդակարգի համակարգով, մարտական դիրքերի 54 տոկոսը նոր սննդակարգի է անցել, իսկ մայիսի ութից նոր սննդակարգի անցած շարքային զինծառայողների թիվը կհասնի 90 տոկոսի», ֊ հավելեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի վարակի պատճառով երկրում ստեղծված ճգնաժամին: Նրա խոսքով` հիվանդանոցային մահճակալաները կառավարությունն առնվազն հնգապատկել է` դարնձելով 1500 մահճակալ․ առաջիկա օրերին ևս 150 մահճակալ կհանձնվի շահագործման:
«Բացի սրանից 600 հյուրանոցային տեղ ենք պատրաստել ասիմպտոմ դեպքերի համար: 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար: Շատ կարևոր է եղել առաջին օրվանից, որ մեկուսացման ընթացքում մեր քաղաքացիների արժանապատվությունը նսեցմացնող որևէ բան չանենք»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` կառավարությունը մինչ այժմ 16 հակաժգամային միջոցառում է իրականացրել: 21 հազար տնտեսվարող արտոնյալ վարկ է ստացել, ավելի քան մեկ միլիոն մարդ կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն:
«Արդյո՞ք կառավարությունն ունի ցուցանիշներ, որոնցով մենք կարող ենք արձանագրել՝ ի վերջո ՀՀ֊ում սոցիալական ճգնաժամ կա, թե՞ չկա։ Ես հիմա ուզում եմ հրապարակել տվյալներ, որոնք իմ կարծիքով սենսացիոն են։ 2020 թ․ ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ֊ում արձանագրվել է 620905 աշխատատեղ (խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ, այդ աշխատավարձի համար վճարվել է եկամտահարկ)։ Ես ուզում եմ ընդգծել, որ փետրվարին եղել է 618 հազար աշխատատեղ։ 2019 թ․ ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ ՀՀ֊ում աշխատատեղերը հատել են 600 հազարի սահմանագիծը, բայց ճգնաժամի պայմաններում՝ ապրիլին ավելի շատ աշխատավարձ ստացող է եղել, քան փետրվարին», ֊ հավելեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թ․ մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն, Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է։
Խոսելով թերացումների մասին վարչապետը նշեց, որ կառավարությունը չի կարողացել լուծել ՀՀ֊ում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը․ նրանք չեն կարողացել այդ հարցը լուծել, քանի որ իսկապես ուզում են, որ ՀՀ֊ում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ։ Իսկ 2019 թվականի ամենամեծ ձախողումը, վարչապետի կարծիքով, եղել է ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը։