Ֆինանսների նախարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչել։
Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան՝ հիմնավորմամբ, որ ընկերությունը չի վճարել այս տարվա երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։
Հայաստանի ամենամեծ՝ «Շանգրի լա» խաղատունը շահագործվում է «Օնիրա քլաբ» ընկերության կողմից, որը Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մասն է կազմում։
«Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի 3-րդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել», – ասված է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։