Տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին կանխիկ գումար մուտքագրելն ու ելքագրելը նախատեսվում է արգելել․ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշիվների միջոցով:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը․ ըստ նրա, առաջարկը բխում է կառավարության ծրագրից և իշխող ուժի նախընտրական խոստումներից՝ հնարավորինս սահմանափակել կամ բարդացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և հասանելիությունը:
Պապոյանի խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակների «թակարդն» են ընկնում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ, որոնք իրենց մինիմալ աշխատավարձի, նպաստի, փոքր եկամտի մեծ մասն ուղղում են խաղալուն։ Պետությունը, պատգամավորի կարծիքով, որոշակի գործիքակազմ պետք է կիրառի, միջամտի, ոլորտը պետք է ավելի թափանցիկ դարձվի, «որպեսզի տեսանելի լինի՝ ով է խաղում, որքան է խաղում»։ Սա, ըստ նրա, հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնելու հնարավորություն կտա:
«Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները․․․ Կարող է ստացվել, որ այդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնում ու ամբողջ գումարը պարտվում է բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի․․․ Իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է՝ չի կարողանալու խաղալ։ Արդեն իսկ մեծ խնդիր լուծում է», – մեկնաբանեց Գևորգ Պապոյանը:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նկատեց, որ համահունչ է նաև գործադիրի մոտեցումներին․ նախորդ տարի անկանխիկ գործառնությունների մասին օրենք է ընդունվել նախորդ տարի է ընդունվել՝ տնտեսությունը պետք է գնա կանխիկի շրջանառությունը նվազեցնելու ճանապարհով:
Հայրապետյանի կարծիքով՝ փոփոխությունը կարևոր է նաև փողերի լվացման տեսանկյունից․ եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն, դրանք փողերի լվացման ավելի քիչ ռիսկեր կպարունակեն: Կենդանի խաղի ժամանակ՝ խաղատանը խաղադրյուքների գնման դեպքում ոչ ռեզիդենտների համար բացառություն կարող է արվել․ «Մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»:
2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 1․6 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ գումարները, որ հասել են բուքմեքերական կազմակերպություններին, երկու անգամ գերազանցում են ողջ պետության բյուջեի եկամուտները։