Կառավարությունը 54 միլիոն դրամ կհատկացնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց 3 ավտոմեքենա ձեռք բերելու համար։
Նախագիծը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից և ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։
«ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71՝ 2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ, TOYOTA LC PRADO 4.0GA՝ 2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ և NISSAN X-TRAIL 2.0՝ 2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը», – ասվում է որոշման հիմնավորման մեջ։
Հարցի կարգավորման նպատակով ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն և որոշվել է գնել TOYOTA մակնիշի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաներ, քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից կիրառվել են լրացուցիչ զեղչեր։
Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանին նոր BMW առնելու համար պետբյուջեի խնայողություններից հատկացվել էր շուրջ 90 միլիոն դրամ։