Այսօր կառավարության շենքի դիմաց միաժամանակ երկու բողոքի ակցիա էր ընթանում․ կարելի է ասել՝ պահանջները հատվում էին։ Ղարաբաղցիները, որոնք տեղահանվել էին 44-օրյա պատերազմից հետո, բնակարն էին պահանջում, երևանցիները՝ բողոքում բնակարանների վարձակալության գներից ու հիպոթեքային վարկերի պայմաններից։
Երևանցիները այլևս չեն ուզում հանդուրժել բնակարանների վարձակալության օրեցօր աճող գները։
«Եթե առաջ հնարավոր էր երկու սենյակը գոնե 80 հազարով վարձակալել, հիմա այդ երկու սենյակը կարող է սկսել 200 հազարից»։ Մարդկանց աշխատավարձերը հաճախ ավելի ցածր են, քան վարձով տների գները․ անգամ միջին կարողությունների աշխատող մարդին այսօր չեն կարողանում տուն վարձակալել։
Ակցիայի մասնակիցներն առաջարկում են պետությանը մեղմել հիպոթեքային վարկի պայմանները, միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու առավել խոցելի խմբերին։ Նրանք ստորագրահավաք էին անում, որ իրենց բարձրացրած խնդիրները քննարկվեն Ազգային ժողովում։
«Շատ մարդիկ կան, որ անգամ էս մի ժամը տրամադրել, գալ էստեղ կանգնել չեն կարող։ Եթե մարդ երեխա ա պահում էս թանկացումների պայմաններում, մի օր բացը իրա համար շատ մեծ նշանակություն ունի»։
Մասնակիցներից երկուսը միայնակ մայրեր են՝ ապրում են երեխաների հետ։ Մի կողմից՝ ցածր աշխատավարձն ու չնչին նպաստը, մյուս կողմից՝ բնակարանի վարձի և առհասարակ՝ բնակարան գտնելու անհնարինությունը։
«Երբ որ ես չէի կարողանում տուն վարձակալեի մոտ 1 տարի, ինձ միայնակության նպաստից զրկեցին՝ գրանցում չունենալու պատճառով», – ասում է նրանցից մեկը։
Մյուս բողոքում է, որ տան տերերի համար երեխայատեր ընտանիքները նախընտրելի վարձակալներ չեն․ նրանք առաջնահերթություն են տալիս «առանց երեխաների» զույգերին։
Հիշեցնենք, որ բնակարանների վարձակալության առանց այդ էլ աճած գները սկսեցին էլ ավելի բարձրացան ռուսաստանցիների ներգաղթին զուգահեռ։ Որոշ տանտերեր՝ խախտելով նախկին պայմանավորվածությունները, նոր պայմաններ են առաջ քաշում, վարձակալները, որոնք ի վիճակի չեն այդքան գումար վճարել, դուրս են հանվում տներից։
Մի քանի մետր այն կողմ հավաքվել էին նաև 44-օրյա պատերազմից հետո տեղահանված ղարաբաղցիները՝ Հադրութից, Քաշաթաղից, Շուշիից, Քարվաճառից։ Տնից բացի՝ նրանցից շատերը զրկվել են նաև աշխատանքից կամ կայուն եկամուտի աղբյուրներից։ Փախստականի կարգավիճակ չունեն։
Տեղահանվածներին պետությունը հավաստագիր է տալիս, որով նրանք կարող են հիպոթեքային վարկով 8-10 միլիոն դրամի սահմաններում բնակարաններ/տներ գնել (ամենամսյա վճարումները սուբսիդավորում է պետությունը)։
Առաջին խնդիրը գումարի չափն է և այն, որ բանկերը բնակարանների արժեքը շուկայականից ցածր են գնահատում։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ 10 միլիոն դրամի սահմաններում հնարավոր է տուն գտնել միայն հեռավոր համայնքներում։
«Նույնիսկ այդ հեռավոր համայնքներում բնակարան ենք գտնում 10 միլիոն արժողությամբ, բանկը գալիս գնահատում ա, վճարումներն էլ հետը դառնում ա 6 միլիոն դրամ։ Այսինքն ստացվում ա, բնակիչը պետք է ունենա 4 միլիոն դրամ, որ կարողանա ավելացնի այդ գումարն ու բնակարանը գնի»։
Խնդիրը նաև այն է, որ սոցապը հավաստագրերն առաջին հերթին տալիս են զոհված զինծառայողների ընտանիքներին կամ բազմազավակ ընտանիքներին։ Մնացած շահառուները կարող են ամիսներով մնալ հավաստագիր ստանալու հույսին։ Ակցիայի մասնակիցների զգալի մասը Երևանում կամ մոտակա քաղաքներում է ապրում՝ վարձով, բողոքում է նաև վարձակալության գներից։
«Էստեղ հավաքվածները բոլորն էլ վարձով բնակվող մարդիկ են։ Ում [տանտերերի] խելքը ինչ բրդում ա էն գինն էլ ասում ա [բնակարանի վարձակալության համար]։ Ուզում ես՝ ապրի, չես ուզում՝ դուրս արի»։