Ռազմաուսումնական հաստատություն ավարտած անձինք պետության կողմից անհատույց բնակարաններ կստանան։
Կառավարության այսօրվա նիստին ընդունվել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ են հատկացվելու, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով է տրամադրվելու»,- ասել է Պապիկյանը:
Պետությունը յուրաքանչյուր տարի գնելու է 3 սենյականոց բնակարաններ, որոնց առավելագույն գինը լինելու է 28,5 միլիոն դրամ։ Դիմորդները, որոնք ուսումնառությունը կավարտեն ու կնշանակվեն որևէ զորամասում, միանգամից կունենան բնակարան։ Բնակարանը ստանալուց հետո սպան կարող է այնտեղ բնակվել կամ տալ վարձակալության, բայց չի կարող օտարել։
«Օրինակ՝ մարդուն բնակարան ենք տալիս Երևանում, ինքը ծառայություն է ստանում, ենթադրենք՝ Վանաձորում: Սպային ասում ենք՝ այս բնակարանը կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար և այդ տարբերությունով այլ սոցիալական կարիքներ հոգալ», – պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: