Կառավարական 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական գործ էր հարուցվել «զանգվածային անկարգությունների» հոդվածով։ Նախօրեին քննչական կոմիտեից հաղորդեցին, որ գործի շրջանակներում կալանավորվել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանին և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Վերջիններս ընդդիմության բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներ են։
Երկուսն էլ մեղադրվում են ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 3-8 տարի ժամկետով ազատազրկում։
Սարգսյանից և Խաչատրյանից բացի, ձերբակալվել էին ևս 6 անձ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ մեղադրանք է առաջադրվել նրանցից 3-ին։ Երրորդի ինքնությունը իրավապահները չեն բացահայտել։
Նախկին մարզպետի որդի
Հիշեցնենք, որ Սուրի Խաչատրյանի որդի Տիգրանը նախկինում 3 այլ քրեական գործերով է անցել, այդ թվում՝ սպանության, ապօրինի զենք պահելու, քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթեր կեղծելով զինծառայությունից խուսափելու համար։ Բոլոր գործերն էլ ընթացք չեն ստացել։
2013 թվականին Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը կրակել էին և հենց մարզպետի տան դիմաց սպանել Ավետիք Բուդաղյանին։ Նրանց կալանավորվել էին։ Մի քանի ամիս անց, սակայն, սպանությունը վերաձևվել էր որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն»․ մեղադրանք էր առաջադրվել ոչ թե կրակողներին, այլ՝ սպանվածի հորն ու եղբայրը։ Սպանվածի հայրը, օրինակ, դատապարտվել էր մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։
Սերժ Սարգսյանի եղբորորդի
Նախկին նախագահի եղբորորդի Հայկ Սարգսյանը նույնպես մեղադրյալի աթոռին է եղել։ Գործերից մեկով նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, մյուսով նա մեղավոր է ճանաչվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։
Քննչական կոմիտեն պնդում էր, որ 2007-ին հրազենային վնասվածքով հոսպիտալացված ոմն Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյանը, հանձնել էր ատրճանակ և հայտարարել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանի վրա:
Հեղափոխությունից հետո, սակայն, դեպքի առթիվ նոր քրեական գործ էր հարուցվել, որի քննության արդյունքում պարզվել էր, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ վիրավորել էր ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանին փորձել էր սպանել նախկին նախագահի եղբորորդին։ Դավիթ Սիմոնյանը դեպքից 11 տարի անց Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում էր ներկայացնել։
Այժմ նախկին չինովնիկները որդիները ակտիվորեն մասնակցում են ընդդիմության «Դիմադրություն» շարժմանը։ Երկուշաբթի նրանք փորձում էին մտնել կառավարական 3-րդ մասնաշենք ու հանդիպել նախարարներին, ոստիկանները թույլ չտվեցին, բախում տեղի ունեցավ։ 100-ից ավելի ցուցարար էր բերման ենթարկվել, 8 մարդ էլ նույն օրը ձերբակալվել էր։ Կային հոսպիտալացված ոստիկաններ և քաղաքացիներ։