Home / Հայաստան / Բյուջեից 10 մլն դոլար կհատկացվի Ծառուկյանի կազինոյի տուրքերը մարելու համար

Բյուջեից 10 մլն դոլար կհատկացվի Ծառուկյանի կազինոյի տուրքերը մարելու համար

Կառավարությունը կզրոյացնի «Շանգրի լա» խաղատան մոտ 4․2 միլիարդի հասնող տուրքերը, այսօրվա կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ այս ամենը ծագել է քովիդի հետ կապված կայացրած որոշումների արդյունքում։ «Շանգրի լա» ընկերությունը չաշխատելով՝ պիտի վճարեր տուրքեր։ Ընկերությունը չի համաձայնել դրա հետ։ Հետո դատական մարմինները, մեծ մասամբ, համաձայնել են ընկերության հետ։ 

«Խնդիրը լուծելու համար կա երկու տարբերակ․ կամ պետք է, ըստ էության, այնպես անենք, որ էս պատմությունը նորից զրոյից կրկնվի կամ պատմությունը զրոյացնենք։ Մենք ընտրել ենք 2-րդ տարբերակը։

Մենք հիմա այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որ 2022թ․-ի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից՝ մաքուր թերթից, սկսելու հնարավորություն ստանա։

Կառավարությունը քովիդի բերումով վարչական որոշմամբ արգելել էր ընկերության՝ կազինոյի, գործունեությունը, բայց արգելքի պայմաններում առաջացել են տուրքեր, որոնք շատ մեծ են՝ մոտավորապես 4 միլիարդ 162 միլիոն դրամ։ Երբ որ մենք այս 4 միլիարդ 162 միլիոն դրամը շարունակաբար հետապնդում ենք, մանավանդ դատական ակտի պայմաններում, ստացվում է պետությունը ինքն իրեն զրկում է նոր 4 միլարդ և շարունակաբար տարեկան 5 միլիարդ պոտենցիալ եկամուտից», – պարզաբանել է Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ 2020թ․-ի հուլիսին Ֆինանսների նախարարությունը «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի ուժը ճանաչել էր կորցրած՝ հիմնավորմամբ, որ ընկերությունը չի վճարել այդ տարվա երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։

Հայաստանի ամենամեծ՝ «Շանգրի լա» խաղատունը շահագործվում է «Օնիրա քլաբ» ընկերության կողմից, որը Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մասն է կազմում։