Home / Ազգային ժողով / ՀԱՊԿ-ը նիստ է անում, Բաքուն սին է տալիս չի պատասխանում․․․

ՀԱՊԿ-ը նիստ է անում, Բաքուն սին է տալիս չի պատասխանում․․․

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին, Արարատ Միրզոյանը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների մասին, Բաքուն չպատասխանեց Հայաստանի վեցկետանոց առաջարկներին։ 

Այս տարի ՀԱՊԿ-ի 30-ամյակն է

«Վերջին անգամ մենք այս ֆորմատով հանդիպել ենք 2019 թվականին, դրանից հետո տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ աշխարհում՝ կորոնավիրուսի հետ կապված, բացի այդ իրավիճակը մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավականին լարված է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար», – հայտարերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ վեհաժողովի խորհրդի նիստին:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին: 

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը իր հերթին կարևորել է ՀԱՊԿ երկրների միջև հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները ու մշակել մոդելային օրենքներ․ «Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Ղազախստանում առաջացած ճգնաժամի ժամանակ ՀԱՊԿ-ը արագ արձագանքեց ու Հայաստանը որպես նախագահող երկիր ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշում կայացրեց: Մինչդեռ Հայաստանի դեպքում (44 օրյա պատերազմ) մեխանիզմները ցավոք չաշխատեցին։ 

Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են 

«Շուրջ մեկամյա դադարից հետո 2021 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին  գործերի նախարարների առաջին և երկրորդ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ։

Մինչև ԵԱՀԿ համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերի 14-ին Մինսկում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ նախարարի՝ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: 

«Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են», – հավելել է Միրզոյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը չեն խոսում

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, իր հերթին, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, որ Բաքուն Հայաստանի վեցկետանոց առաջարկներին պաշտոնապես չի պատասխանել: 

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով խաղաղության օրակարգի բանակցությունների առնչությամբ պատասխանել էր Ադրբեջանի առաջարկներին։ 

«Պաշտոնական հայտարարություններին ծանոթ եք բանակցությունների անհրաժեշտության վերաբերյալ, բայց այս պահին կոնկրետ որևէ օր, որևէ որոշում չկա դեռ: Կողմերի նախնական պայմանավորվածությունը կա, սակայն դեռևս բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները։

Բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները: Որքանով դա կհաջողի՝ կերևա բանակցությունների ընթացքից։»,- ասել է փոխնախարարը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում պետք է լիներ դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, որն ադրբեջանական կողմը չեղարկել է: