Home / Շուկա / Հյուսիս-Հարավը կդառնա Հայկական խաչմերուկ

Հյուսիս-Հարավը կդառնա Հայկական խաչմերուկ

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը վերաձևակերպվել է Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտքի։ Նիկոլ Փաշինյանը սա «Հայկական խաչմերուկ» է անվանում։ Արևելք-Արևմուտքում ճանապարհներ դեռ չկան․ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում դրանք նախատեսվում է կառուցել զրոյից։ Կառավարությունը զուգահեռ նախատեսում է շարունակել Հյուսիս-Հարավի շինարարությունը․ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը հրապարակվել է այսօր։ Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ նախագծի մասին է․․․

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր․ որակավորված ընկերություններն այնուհետև հնարավորություն կունենան մասնակցել շինարարության համար հայտարարված մրցույթին։ Կառավարությունը հույս ունի, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի անցնել շինարարությանը․․․

Վարչապետը վստահ է՝ այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել․ «Վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը մենք ըստ էության վերաձևակերպել ենք և դարձրել Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք նախագիծ։ Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք։

Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք ճանապարհի կամ եթե կարճ ասենք՝ «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի Հյուսիսը Հարավին՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան և հետագայում դեպի Նախիջևան-Թուրքիա»։

Արևելք-Արևմուտք ճանապարհի նախագծային աշխատանքը դեռ արված չէ, Փաշինյանը լիահույս է, որ կարվի հընթացս՝ քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերմանը զուգահեռ։

«Գիտեք, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք տանում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար։ Ըստ էության, այդ աշխատանքի հաջորդ փուլը․․․ Տտեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Հույս ունենք, որ առաջիկայում ձեռք բերված պայմանավորվածությունները նաև կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», – հավելել է պաշտոնյան։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարը որոշ տեխնիկական մանրամասներ է ներկայացրել․ Հյուսիս-Հարավ ամբողջ ճանապարհը, ըստ նրա, մոտ 560 կիլոմետր է, Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածը ամենաառանցքայիններից մեկն է։ Սիսիսանից դեպի Քաջարան գործող ճանապարհը միջինում ունի մոտ 50կմ/ժ արագություն, նորը միջինում 100կմ/ժ արագություն կունենա․․․

«6 տարի ժամկետ է նշվում՝ ծրագրի իրականացման համար։ Սա ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4․7 կմ կամուրջներ (ընդհանուր առմամբ 27 կամուրջ) և 12 կմ-ից ավել թունելային հատվածներ (5 թունելներ, որոնցից միայն մեկը 8․6 կմ երկարություն կունենք)․․․ Այսինքն, խոշորամաշստաբ ծրագիր է։ Ամեն ինչ կանենք, որ միջզագային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան, բավական հայտեր ունենանք, և եթե այլ խոչընդոտներ չլինեն՝ մինչև տարեվերջ ունենանք նաև շինարարություն», – ամփոփել է Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերին Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սև ծովից Պարսից ծոց ձգվող՝ Հյուսիս-Հարավ երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքի շինարարության և գործարկման մասին։ Փորձնական շրջանում բեռներ կուղարկվեն Իրանից՝ Աստարայի սահմանով դեպի Ադրբեջան, իսկ Սև ծովի վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստներով՝ դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ։ Ծրագրի նախաձեռնությունը պատկանում էր Իրանին։

Երևանը հույս ուներ, որ Սև ծովը Պարսից ծոցին կապող միջազգային միջանցքը կանցնի ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքով։ Նախագիծը ակտիվ քննարկվում էր առնվազն վերջին 5 տարիներին, նախատեսվում էր, որ Իրանի հարավը Հայաստանի և Վրաստանի միջով կապ կստանա՝ հատելով Սև ծովն ու հասնելով ընդհուպ մինչև Միջերկրական։ Տարանցիկ ուղի լինելուն հավակնում էր նաև Ադրբեջանը։ Ամրագրված պայմանավորվածություն մինչ այս չկար (ավելի մանրամասն՝ այստեղ)

Հիշեցնենք նաև, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ շրջափակված ճանապարների վերաբացման շուրջ բանակցությունները սկսվել են 44-օրյա պատերազմից անմիջապես հետո․ ապաշրջափակման հրամայականը ամրագրված էր նաև հրադադարի եռակողմ հայտարարությունում։ Երկաթուղու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպումներին․ նախատեսվում է վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը, որը, մի կողմից, երաթուղային կապ կապահովի Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև։ Այս երկաթուղին, ըստ նախնական գնահատականների, կարժենա մոտ 1․2 մլրդ դոլար (200 միլիոնը՝ Հայաստանից, 1 միլիարդը՝ Ադրբեջանից):