Home / Հայաստան / Շուտով Բրիտանիան նոր պահպանողական կունենա

Շուտով Բրիտանիան նոր պահպանողական կունենա

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ լքում է Մեծ Բրիտանիայի վարչապետի (Պահպանողական կուսակցության ղեկավարի) պաշտոնը:

Մինչև կուսակցությունը նոր առաջնորդ չընտրի՝ նա կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։ Նոր վարչապետը պաշտոնը կստանձնի աշնանը․ ամռանը քարոզարշավ է նախատեսված։

Բորիս Ջոնսոնի կառավարության 50 նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նրա ամենամոտ աջակիցներից որոշները (օրինակ, առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը) հրաժարական են ներկայացրել։ Ստեղծված իրավիճակում ստիպված հրաժարական է ներկայացրել նաև Կառավարության ղեկավարը։

Նախարարների այս գործողությունը նա «էքսցենտրիկ» է որակել և հայտարարել, որ տխրությամբ է լքում «աշխարհի ամենալավ պաշտոնը»։

Բրիտանական կառավարությունում ճգնաժամային իրավիճակը մի քանի ամիս առաջ է սկսվել։ Հակասությունները սրվել են այս շաբաթ, երբ Ջոնսոնը որոշել է Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության գլխավոր կազմակերպչի տեղակալ նշանակել Քրիս Փինչերին, որը մեղադրվում էր տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ երկու տղամարդ Փինչերին մեղադրել են փակ ակումբում իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։ Պատգամավորի նկատմամբ նույնատիպ մեղադրանքներ էին ներկայացվել նաև նախկինում, ընդ որում ներքին հետաքննության արդյունքում դրանք հիմնավոր էին ճանաչվել։

Դեռևս հունիսին Ջոնսոնի կուսակիցները նրան անվստահություն հայտնելու գործընթաց էին նախաձեռնել, հարցն այն ժամանակ քվեարկության էր դրվել Պահպանողական կուսակցության խմբակցությունում՝ Համայնքների պալատում։ Վարչապետի հրաժարականին հասնելու համար պահանջվում էր խմբակցության անդամների մեծամասնության՝ առնվազն 180 պատգամավորների քվեները: Մեծամասնությունն այն ժամանակ չքվեարկեց, Ջոնսոնը մնաց պաշտոնում։

Ջոնսոնի կուսակիցների այդ նախաձեռնության պատճառը համաճարակի օրերին ծագած սկանդալն էր․ լոնդոնյան ոստիկանությունը պարզվել էր, որ խիստ լոքդաունի պայմաններում Կառավարության ղեկավարը մի քանի անգամ խախտել էր կարգը և մասնակցել բազմամարդ խնջույքների, որոնք հիմնականում իր իսկ առանձնատանն էին կազմակերպվում։ Մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և ինքը՝ վարչապետը, այս կապակցությամբ տուգանվել էին։

YouGov հարցումների համաձայն, բրիտանացիների 60%-ը դժգոհ է ներկա կառավարությունից, իսկ 71 տոկոսը՝ անձամբ Բորիս Ջոնսոնից։

Հրաժարականի մասին հայտարարելու ելույթում Ջոնսոնը անդրադարձել է նաև Ուկրաինային՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը Ուկրաինային կշարունակվի նաև իր հեռանալուց հետո։