Բարբադոսը՝ վերջ դնելով բրիտանական՝ շուրջ 396 տարվա գաղութացմանը, Անգլիայի Եղիսաբեթ II թագուհուն հեռացրել է ղեկավարի պաշտոնից և դարձել աշխարհի նորագույն հանրապետությունը։
Մայրաքաղաք Բրիջթաունում երեքշաբթի տեղի ունեցած պաշտոնական արարողությանը, որին մասնակցում էին արքայազն Չարլզը, Ուելսի արքայազնն ու բարբադոսցի երգչուհի Ռիհաննան, 72 տարեկան Սանդրա Մեյսոնը ստանձնել է Բարբադոսի նորաստեղծ հանրապետության նախագահի պաշտոնը։
Բարբադոսի նոր նախագահ Սանդրա Մեյսոնը՝ երդմնակալության ժամանակ
«Ունենալով հստակ պատկերացում, թե ով ենք և ինչի ենք ընդունակ հասնելու 2021 թվականին, մենք այժմ մեր նավն ուղղում ենք դեպի նոր հանրապետություն: Մենք դա անում ենք, որպեսզի կարողանանք գրավել մեր ինքնիշխանության ողջ էությունը», – իր առաջին ուղերձում նշել է Մեյսոնը։
Նույն օրը՝ հանդիսավոր արարողության ժամանակ, նորանշանակ նախագահը ազգի հերոսի կոչում է շնորհել երգչուհի Ռիհաննային։
Ելույթ է ունեցել արքայազն Չարլզը։
«Բարբադոսի Հանրապետության ստեղծումը նոր սկիզբ է առաջարկում, – ասել է Չարլզը՝ շարունակելով․ – Մեր անցյալի ամենամութ օրերից և տարիների ստրկությունից, որը արատավորում է Մեծ Բրիտանիայի պատմությունը, այս կղզու մարդիկ իրենց ուղին են կերտում յուրօրինակ տոկունությամբ»։
Տեղի ունեցածը ողջունել է նաև Բրիտանիայի թագուհին․ Եղիսաբեթ II-ը Բարբադոսին է ուղղել իր «ամենաջերմ ըղձանքները»՝ մաղթելով նոր պետությանը «երջանկություն, խաղաղություն և բարգավաճում»։
Բրիջթաունում ոմանք, սակայն, թագուհու բարեմաղթանքներն և արքայազնի այցը խնդրահարույց են համարում՝ հիշեցնելով, որ կղզու պատմական հարաբերությունները թագավորական պալատի հետ արմատավորված են ստրկության մեջ:
«Թագավորական ընտանիքի ոչ մի անդամ չպետք է մասնակցի մեր ազատության օրվա արարողությանը», – CNN-ին նշել է Կարիբյան շարժման խաղաղության և ինտեգրման գլխավոր քարտուղարը Դեյվիդ Դենին:
«Արքունիքը ֆինանսապես օգուտ քաղեց ստրկությունից, իսկ մեր աֆրիկացի եղբայրներից ու քույրերից շատերը զոհվեց ստրկության դեմ պայքարում», – հավելել է Դենին։
Մինչ ոմանք նշում են Բարբադոսի ապագաղութացումը Բրիտանիայից, մյուսները հարցնում են՝ արդյոք խորհրդանշական իշխանափոխությունը բավարար է՝ գաղութատիրական ժառանգությունից ազատվելու համար և ինչ է Բրիտանիան պատրաստ անել, ողջույնի խոսքեր ուղղելուց բացի, ստրկության հետևանքները հաղթահարելու կամ մեղմելու համար։
Դեռ 55 տարի առաջվանից, երբ Բարբադոսը ինքնավարություն ստացավ և ազատվեց գաղութային իշանությունից, ջանքեր էին գործադրվում՝ անցյալի հետ առերեսվելու և դրա հետևանքներին առնչվելու, բայց միշտ՝ զգուշավորությամբ։
1970-ականներին կառավարական հանձնաժողովը քննարկում էր հանրապետություն դառնալու հարցը, բայց քվեարկության արդյունքում առաջարկը մերժվեց՝ բացատրությամբ, որ Կարիբյան ավազանի այլ երկրներում՝ Սուրինամում և Գայանայում, նման փոփոխությունները հանգեցրել են ավտորիտարիզմի և անկայունության։ Անգամ Բարբադոսի այն առաջնորդները, ովքեր կողմ էին քվեարկել հանրապետության ստեղծմանը, գիտակցում էին, որ ապագա պետության (քաղաքա)տնտեսությունը խիստ կախված է լինելու նախկին գաղութատիրոջից և «արևին կարոտ անգլիացի զբոսաշրջիկներից»։
Մեծ Բրիտանիայի միապետին ղեկավարի պաշտոնից հեռացնելու՝ Բարբադոսի այս որոշումը գրեթե 3 տասնամյակի ընթացքում առաջին դեպքն է։
Բարբադոսից առաջ ինքնիշխանություն էր ձեռք բերել Մավրիկիոս կղզին՝ 1992 թվականին։ Ինչպես Մավրիկիոսը, այնպես էլ Բարբադոսը կմնա 54 անդամներից բաղկացած և հիմնականում Մեծ Բրիտանիայի նախկին գաղութները ներառող «Ազգերի համագործակցություն» կազմակերպության մաս, որի նպատակն է՝ «խթանել միջազգային համագործակցությունը և առևտուրը»: