Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը զբաղվել է Lydian ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործման լոբբինգով, հուլիսի 13-ի իր հոդվածում գրում է OpenDemocracy.net-ը։
Պարբերականին հաջողվել է ձեռք բերել Երևանում ՄԹ դեսպանատան նամակագրությունը՝ Lydian-ի հետ, որից պարզ է դառնում, որ բրիտանական ներկայացուցչությունը փորձել է հանդիպումներ ունենալ Հայաստանի վարչապետի հետ՝ հանքի շահագործման թեման քննարկելու համար։
Դեռ անցյալ տարվա մայիսին Եվրամիության կողմից հրապարակված զեկույցում ասվում էր, որ «տարբեր բաժնետերեր, այդ թվում՝ ԱՄՆ և ՄԹ կառավարությունները, ճնշում են գործադրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա» Ամուլսարի հարցում։
Ձեռքբերված այլ տվյալներից երևում է, որ 2013 թվականից սկսած Հայաստանում բրիտանական դեսպանատունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Lydian-ի ղեկավարության հետ։
Նոր ձեռբերված նամակագրությունը մեծամասամբ քողարկված է, բայց տվյալներում երևում է, որ 2020 թվականի սեպտեմբերին, օրինակ, Բրիտանական դեսպանատան աշխատակազմը պատրաստվել է հանդիպել Փաշինյանի հետ՝ հանքի շահագործման հարցը քննարկելու նպատակով, և որպես քննարկման առիթ օգտագործել է դրանից օրեր առաջ հայտարարված «Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվական»։
«Ես հասկանում եմ <<ՔՈՂԱՐԿՎԱԾ>> որ Ազգային Վերափոխման Ռազմավարությունը վարչապետի գրասենյակում <<ՔՈՂԱՐԿՎԱԾ>> կողմից իրականացվում է ռազմավարական մակարդակում, այսպիսով՝ ռազմավարությունը օգտակար ոլորտ կլինի [խոսակցություն] սկսելու համար, եթե ցանկանայինք նրա (Նիկոլ Փաշինյանի – խմբ․) հետ քննարկել Lydian-ը», – ասված է 2020 թվականի սեպտեմբերի 24-ի մի էլէկտրոնային նամակում։ Այս նամակը մաս էր կազմում էլեկտրոնային հաղորդակցության մի շարքի՝ «Առաջարկվող հանդիպումներ» վերտառությամբ։
Բրիտանական արտաքին գերատեսչությունից այս բացահայտումների հետ կապված ասել են, որ «դիվանագիտական առաքելությունների դերն է տեղի կառավարությունների հետ խնդիրների լայն շրջանակի շուրջ խոսել, այդ թվում՝ ի աջակցություն ՄԹ բիզնեսների»։
Վարչապետի պաշտոնակատարի գրասենյակից մեկնաբանության հարցմանը պարզապես չեն պատասխանել։
Ձեռք բերված նամակագրությունից երևում է նաև, որ ՄԹ արտաքին գերատեսչությունը հետևել է 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո սկսված ճգնաժամին, որի ընթացքում Lydian ընկերությունը ենթարկվել է մի շարք աուդիտների և ստուգումների, և զբաղվել հանքարդյուանահանող ընկերության լոբբինգով։
«Այս էլեկտրոնային նամակները ի ցույց են դնում, որ [Երևանում] ՄԹ դեսպանատունը քաջատեղյակ էր այն լուրջ ռիսկերից, որն ունի Ամուլսարի նախատեսվող հանքը՝ ջրի պաշարների, տեղական զբոսաշրջային տնտեսությունում աշխատատեղերի, հանրային առողջությանն ու շրջակա միջավայրին։ Դեսպանատունը լավատեղյակ էր նաև հանքի նկատմամբ հանրային ընդդիմության մակարդակին, հատկապես քանի որ ակտիվորեն հետևում էր ցուցարարների ֆեյսբուքյան գրառումներին, – նշել է Globl Justice now-ի ներկայացուցիչ Ջին Բլեյլոքը։
2018-ի ճգնաժամի ընթացքում ՄԹ արտգործնախարարության նամակագրությունը կրկին մեծ մասամբ քողարկված է, սակայն երևում են մեյլերի վերտառությունները՝ «Հավանական հանդիպում Հայաստանի վարչապետի հետ – հրատապ տեղեկատվության հարցում», «Հարցեր դեսպանի համար», «Հանդիպում վարչապետի պաշտոնակատարի հետ՝ հիմնական կետեր», «Lydian-ի հետ հանդիպման սղագրություն», և այլն։
OpenDemocracy-ի ձեռք բերած նամակագրությանն ու դրա բրիտանական լոբբինգի կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ