Home / Հայաստան / Թանկ, վտանգավոր, ռուսաստանահաճո. դատախազն առաջարկում է հսկել ինտերնետը

Թանկ, վտանգավոր, ռուսաստանահաճո. դատախազն առաջարկում է հսկել ինտերնետը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է վերահսկել համացանցով տարածվող տեղեկությունները՝ այնպես, ինչպես դա անում է ռուսական «Ռոսկոմնադզորը», որը տարիներ առաջ (Ռուսաստանի տարածքում) արգելափակել էր անգամ Epress.am-ը։

Դավթյանի պաշտոնավարմանը ընդամենը երկու ամիս է մնացել (նրան կփոխարինի վարչապետի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանը)։ Նախքան հեռանալը, պաշտոնյան դիմել է կառավարությանը։ Վկայակոչելով դատախազության իրականացրած ինչ-որ ուսումնասիրության արդյունքները, դատախազը

— արձանագրել է, որ համացանցով խտրականություն, թմրամիջոցների գովազդ կամ հանցավոր այլ դրսևորում պարունակող տեղեկատվության տարածումը վերջին տարիներին ահագնացել է,
— մտահոգվել է, որ ինտերնետը վերահսկելու իրավասություն պետական ոչ մի մարմին չունի, հետևաբար՝ «տեղեկատվության անվտանգությունն» ապահովված չէ,
— մանրամասն պատմել է ռուսական «Ռոսկոմնադզորի» փորձի ու Գերմանիայում ընդունված օրենքներից մեկի մասին,
— առաջարկել է «կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ» քննարկել ինտերնետում տեղեկատվության անվտանգությունը կարգավորման ենթարկելու և վերահսկելու հարցը:

Դիմադրության ռեսուրսը բավարար է

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծում է, որ Հայաստանում բավարար դիմադրության ռեսուրս կա, որպեսզի այս նախաձեռնությունը կյանքի չկոչվի։

«Այն, ինչ առաջարկում է Գլխավոր դատախազը, կրկնությունն է «Ռոսկոմնադզորի» պրակտիկայի, որը ենթադրում է հետևյալը․ առանց լուրջ մասնագիտական վերլուծության ցանկացած տեղեկություն, որն այդ մարմնի կողմից կհամարվի «վնասակար», կարող է արգելափակվել։ Եթե հետևենք Ռուսաստանի օրինակին՝ այս գործողությունների, սահմանափակումների հիման վրա դատախազությունը կարող է նաև քրեական գործեր հարուցել։

Սա, բնականաբար, շատ լուրջ սպառնալիք է տեղեկատվության և խոսքի ազատության համար», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Նավասարդյանը։


լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից

Արթուր Դավթյանի առաջարկը, ըստ նրա, կարելի է մեկնաբանել նաև որպես «հետաձգված նախաձեռնություն»․ մոտ մեկուկես տարի առաջ Եվրասիական միության գլխավոր դատախազների միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որ տեղեկատվական ոլորտին վերաբերող կագավորումները բոլոր երկներում կնույնացվեն։ Վերջերս Վլադիմիր Պուտինի հրամանով հոբելյանական մեդալի արժանացած ՀՀ դատախազը միգուցե փորձում է «ցույց տալ, որ այս քննարկումներն ու համաձայնությունները մոռացված չեն»։

Փորձագետը հիշեցրել է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ապրիլյան բանակցությունների մասին, որոնց ընթացքում ստորագրվեց 30 կետից բաղկացած հայտնի հայտարարությունը։ Կողմերն այնտեղ մտահոգություն էին հայտնել «պետությունների ներքին գործերին միջամտելու նպատակով ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման աճի առնչությամբ» և պայմանավորվել ամրապնդել համագործակցությունը։ Համագործակցության մի այսպիսի փաստաթուղթ էին ստորագրել նաև Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները։

Թե ինչ են ենթադրում «միջպետական» այս պայմանավորվածությունները՝ հայտնի չէ։
«Հուսով եմ, այնտեղ նախատեսված չեն այնպիսի քայլեր, ինչպիսիք առաջարկում է Գլխավոր դատախազը», – ամփոփել է Բորիս Նավասարդյանը։

Չաշխատող, թանկ և վտանգավոր

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, դատախազի առաջարկը, լավագույն դեպքում, չաշխատող է, վատագույն դեպքում՝ վտանգավոր։

«Որպես մոդել, որպես լավագո՛ւյն մոդել դատախազությունը վերցնում է աշխարհի երևի վատագույն կառույցներից մեկի փորձը․ «Ռոսկոմնադզորը» փաստացի քաղաքական գրաքննության նախարարություն է, որը արգելափակում է գրեթե ամեն բան, որ շեղվել է «կուսակցության» ընդհանուր գաղափարախոսությունից։

Այդ ամեն ինչը, եթե հիշում եք, սկսվել էր «ոչ քաղաքական» հայտարարությունով, իբր՝ համացանցը ավելի անվտանգ դարձնելու, թմրանյութերի, ինքնասպանության կոչերի դեմ պայքարի համար», – Epress.am-ի հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը։


լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից

Ըստ նրա, սա «ահավոր ծախսատար» և հռչակված նպատակների տեսանկյունից «բացարձակ չաշխատող» մոդել է․ «Կա ցանկություն վերահսկելու համացանցը և չկա պատկերացում, թե ինչ է համացանցը։ Այս երկու հանգամանքների համադրությունը բերելու է պարզապես չաշխատող, թանկ և վնատգավոր մի մոդելի իրականացմանը»։