Հայաստանի կառավարությունը խախտել է 22-ամյա նորակիչիկ Արեգ Մալխասյանի կյանքի իրավունքը՝ զինվորի մահվանից 13 տարի անց վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): Միջազգային դատարանը պարտավորեցրել է ընտանիքին 35 հազար եվրո փոխհատուցում վճարել։
Զինվորի հոր փաստաբան Սեդա Սաֆարյանը տարիներ առաջ դիմել է ՄԻԵԴ՝ ահազանգելով, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդին զորակոչել են բանակ՝ հաշվի չառնելով նրա հիվանդությունները ու ընտանիքի ներկայացրած փաստաթղթերը։
Համալսարանն ավարտելուց հետո բանակ զորակոչված Արեգ Մալխասյանը մահացել էր սրտի կանգից։
«Պատճառաբանում են, թե սրտի խնդիր է ունեցել, դրա համար էլ վատացել է սիրտը։ Բայց սիրտը վատացել է, որովհետև ինքն արյունահոսել է, այսինքն, խորքային հիվանդություն է ունեցել, որը բերել է նաև երկրորդական հիվանդության առաջացման՝ ստամոքսի ճողվածք է ունեցել, ինչն իրեն թույլ չի տվել լիարժեք սնվել։ Երբ որ ինքը զինծառայության չի մեկնել, եղել է տանը, հիմնականում դիետիկ սնունդ է օգտագործել։ Ընդհանրապես, նա չպետք է զորակոչվեր, փաստաթղթեր էին հանվել զինվորական վարույթից, զինվորական գործի մեջից և այս ամենն արվել էր նրա համար, որպեսզի Արեգ Մալխասյանին զինծառայության ուղարկեն», – վերջերս Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Սեդա Սաֆարյանի խոսքերը մեջբերել է «Ազատությունը»։
Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ հաշվի չառնելով առողջական լուրջ խնդիրները, ռազմական գերատեսչությունը 2009 թվականի հունիսին Արեգ Մալխասյանին պիտանի է ճանաչել ծառայության համար և զորակոչել բանակ։ 8 օր չանցած՝ շարքային զինծառայողը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հոսպիտալ։ Օրեր անց երիտասարդը մահացել է։
Հարուցված քրեական գործն այդպես էլ ավարտին չի հասել, որևէ մեկը զինվորի մահվան համար պատասխանատվության չի ենթարկվել։ Քննիչը եզրահանգել է, որ չկա որևէ պաշտոնյա, այդ թվում՝ բժիշկ, որն անփութություն թույլ տված լիներ և որի անգործության կամ գործողությունների հետևանքով զինվորը մահանար։ Գործը պարզապես կարճվել է։
Մալխասյանի դեպքը միակը չէ։ Սաֆարյանը շեշտում է՝ անցած տասնամյակներում բանակում նման մահեր շատ են եղել։