Home / Բանակ / Հաշտեցրածդ հաշտեցնեմ․ Պուտինը կանչում է, Զախարովան՝ բացատրում

Հաշտեցրածդ հաշտեցնեմ․ Պուտինը կանչում է, Զախարովան՝ բացատրում

Վլադիմիր Պուտինը հանդիպման է հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ եռակողմ գագաթնաժողովն արդեն նախապատրաստվում է, դրա անցկացման վայրի և ժամկետի մասին Կրեմլը հավելյալ տեղեկություններ կհաղորդի։

«Մեզ չեն կարող չանհանգստացնել Հարավային Կովկասում թափ հավաքող մտահոգիչ միտումները, ուր Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայի վրա փորձարկված առճակատման մեխանիզմները», – մեկնաբանել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ռուս պաշտոնյան հայտարարել է, թե հայ-ռուսական «դարավոր կապերին վնասելու համար տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկող քայլեր են ձեռնարկվում», բայց «Երևանին և Մոսկվային գժտեցնելու այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվելու»:

Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան վճռական է ամրապնդել ռազմավարական դաշնակցությունն ու բազմակողմ հարաբերությունները Հայաստանի հետ, «մեղադրանքները, իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի անվտանգության հարցում ստանձնած պարտավորությունները, անհիմն են»:

«Ցանկանում ենք հիշեցնել՝ մեր երկիրն էր, որ դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում», – հավելել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Զախարովայի համոզմամբ՝ արտաքին ուժերը փորձում են հասնել ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերմանը Ղարաբաղից, ինչը կարող է ապակայունացնել Հարավային Կովկասը․

«Հաշվի չի առնվում խնդրի ոչ տարածաշրջանային առանձնահատկությունը, ոչ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումներն են, այլ ինքնագովազդը և Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը․․․ Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը»։

Մոսկվան, ըստ նրա, շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ, այդ թվում` հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ:

կոնտեքստ

Սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի հարձակումից ժամեր անց, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ ՀԱՊԿ-ից Հայաստանը աջակցություն (այդ թվում՝ ռազմական) էր հայցել Պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ անդամ պետություններից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա ՀԱՊԿ բոլոր պետությունների դեմ:

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, սակայն, ՀԱՊԿ-ի կողմից առ այսօր չի ճանաչվել։ Երկրորդելով Բաքվին՝ ՀԱՊԿ անդամ պետությունները (մասնավորապես՝ Ռուսաստանը) էսկալացիայի ընթացքում խոսում էին ոչ թե հարձակման, այլ հայ-ադրբեջանական սահմանը դեմարկացնելու և դելիմիտացնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի վարչապետը հակադարձում էր՝ հետխորհրդային երկրները միմյանց սահմանները ճանաչել են դեռևս 1991 թվականին՝ ԱՊՀ համաձայնագրով, փոխադարձաբար ճանաչված այդ սահմանների զգալի մասը դելիմիտացված չէ, ինչը չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն։ Չճանաչել այս իրողությունը՝ նշանակում է լղոզել ՀԱՊԿ ֆունկցիոնալությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ 2021-ի մայիսի և 2022-ի սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը գրավել և իր վերահսկողության տակ է պահում Հայաստանի շուրջ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածքը։

Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում այս թիվը հրապարակել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Մինչ այս Հայաստանի վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը շուրջ 10, իսկ 2021-ին՝ 41 քառակուսի կիլոմետր է օկուպացրել։

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո հայկական կողմը հաղորդել է 201 զոհերի և 29-ը անհետ կորածների, ադրբեջանական կողմը՝ 80 զոհերի մասին։

Սահմանային բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կրկին հանդիպել են Բրյուսելում։ Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով Երևանն ու Բաքուն հաստատել են՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը հիմնվելու է ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի վրա, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հանդիպմանը որոշվել է, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին առավելագույնը 2 ամիս ժամկետով դիտորդություն իրականացնելու նպատակով։ Առաքելությունը սահմանի երկայնքով կտեղակայվի մինչև այս ամսվա վերջ։

ԵՄ միջնորդությամբ ընթացող ինտենսիվ բանակցություններին Մոսկվան կտրուկ է արձագանքել նաև այն ժամանակ։