Home / Հայաստան / Փաշինյանն ու Ալիևը՝ ԱՊՀ նիստին

Փաշինյանն ու Ալիևը՝ ԱՊՀ նիստին

Սեպտեմբերի 13-ին սկիզբ առած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհայտ կորածների թիվն գերազանցել է 210-ը, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման, ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, դաժան վերաբերմունքի, սպանությունների բազմաթիվ տեսանյութեր՝ շեշտել է Հայաստանի վարչապետը։ Պատերազմական այս հանցագործություններին Բաքվից առ այսօր չեն արձագանքել։

Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է նաև վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, «մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են մնալ միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում»։ 

«Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», – հավելել է Փաշինյանը։

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը, ըստ վարչապետի, մնում է շատ բարձր, Բաքուն շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով սադրիչ գործողություններ վերագրել հայկական կողմին․ 

«Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ»։

Պրահայում կայացած բազմակողմ բանակցությունները Երևանն ու Բաքուն քննարկում էին խաղաղության պայմանագրի հետ կապված խնդիրները։

«Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը․․․ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև մեր այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը։

Որոշում կայացնելուց առաջ կարևոր եմ համարում կողմնորոշվել հետևյալ հարցերի շուրջ:

Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ 

Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։

․․․Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը», – հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Նա կրկին շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է տրանսպորտային ուղիների լիակատար ապաշրջափակմանը և նոր ճանապարհների կառուցմանը, բայց՝  «այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում»։ Վերջինիս շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հայ-ռուս-ադրբեջանական պրոֆիլային հանձնաժողովում։

«Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ», – շեշտել է Փաշինյանը՝ հիշեցնելով՝ եռակողմ հայտարարության մեջ հիշատակվող միակ միջանցքը Լաչինի միջանցքն է։

Հայաստանի ղեկավարը խոսել է նաև հայ ռազմագերիներին պատանդ պահելու և Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին։ Շոշափվել են նաև բազմաթիվ այլ հարցերի։ Ելույթն ամբողջությամբ․

Աստանայում ծավալուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևանի Հանրապետություն և Ղարաբաղի տարածքից հայկական ԶՈՒ դուրսբերման հետ կապված․ «Մենք դեռ համբերատար ենք, բայց համբերությունը նույնպես անսահմանափակ չէ։ Եթե 2020 թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի բնակչությանը՝ Ադրբեջանի նախագահը կրկին շեշտել է՝ «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ»։

Ալիևի պնդել է, որ սեպտեմբերի կեսերի բախումները դադարեցվել են ռուսական կողմի միջնորդությամբ (հայկական կողմը մինչ այս խոսում էր Ռուսաստանի, Ֆրանսիայի և հատկապես ԱՄՆ-ի միջնորդության մասին). «Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, կցանկանայի սա հատուկ ընդգծել, որ հենց ռուսական կողմն է հանդես եկել կրակը դադարեցնելու առաջարկով, ոմանք դա վերագրում են այլ երկրների, ինչը բացարձակապես անհիմն է, ռուսական կողմի միջնորդության արդյունքում են ռազմական բախումները դադարեցվել»։

տե՛ս նաև՝ Դիտորդներ, պայմանագրային տարրեր և այլն․ Աստանայում հանդիպել են ԱԳՆ-ները