Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների և «Մոսկվայից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի հետ»՝ Եվրամիության դիվանագետների հետ նոյեմբերի 17-ի հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
«[Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության շուրջ] մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ոչ Մոսկվայից ուղարկված մարդկանց հետ՝ [Ռուբեն] Վարդանյանի պես, որը ռուս ժողովրդից միլիարդներ է գողացել։ Նրան Մոսկվայից գործուղել են շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ուզում են այնտեղ ապրել։ Ի դեպ՝ այդ գործընթացն արդեն սկսվել է», – ԵՄ Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը։
Նախքան Բաքու գործուղվելը, Շուբելի պատվիրակությունը Հայաստանում էր։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը եվրոպացի դիվանագետը ընդգծել է․ «Երևանում մեզ ասացին, որ պատրաստ են խաղաղության»։
Ալիևը այս պատրաստականությունը «մանիպուլյատիվ» է որակել․ «Եթե անկեղծորեն ուզում են խաղաղություն, ինչո՞ւ մինչև հիմա չեն արձագանքել մեր առաջարկին, որ ներկայացրել ենք պատերազմից անմիջապես հետո»։
Խոսքը խաղաղության պայմանագրի հինգ հիմնարար սկզբունքների մասին է, որոնք Ադրբեջանը ներկայացրել էր այս տարվա մարտին։ Հայաստանի կառավարությունը ընդունել էր այդ սկզբունքները և առաջարկել դրանք լրացնել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող դրույթներով:
«Նման բան չի լինելու, դա անհնար է, մենք չենք համաձայնի», – այսօր կրկին արձագանքել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը ընդգծել է՝ չի պատրաստվում այս հարցը քննարկել նաև արտաքին խաղացողների ու նրանց ներկայացուցիչների հետ։ Ներկայացուցիչների տակ ակնարկել է Ղարաբաղի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
«[Ղարաբաղում ապրող հայերի հետ խոսակցությունն] արդեն սկսվել է։ Եթե չլիներ միջամտություն որոշ երկրների կողմից, որոնց ես նոր հիշատակեցի, և եթե չլինեին այս գործընթացը կանգնեցնելու փորձեր, այն կարող էր լինել ավելի դինամիկ։ Բայց սա որևէ առնչություն չունի [Նիկոլ] Փաշինյանի և նրա կառավարության հետ։ Ինչպես ասացի՝ հարկավոր է, որ կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և ինստիտուտների միջև, որոնք, ըստ Ադրբեջանի, ի զորու են օգնել այս հարցում», – հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Արևմտյան հարթակներում քննարկվող խաղաղության պայմանագրի հիմքում, ըստ հայկական կողմի, Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքներն են։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ Երևանը չի բացառում, որ հաշտեցման համաձայնագրում Ղարաբաղի հարցին անդրադարձ չլինի, և ընդգծել Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը։ Պրահայում քառակողմ հայտարարություն էր ստորագրվել․ կողմերը գնահատել էին բանակցությունները որպես առաջընթաց՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացում։
Սոչիում տեղի ունեցած հանդիպումից առաջ, սակայն, Ռուսաստանի նախագահը ակնարկել էր՝ Ռուսաստանը խաղաղության պայմանագրի ի՛ր տարբերակն ունի։ Մոսկվան, ի թիվս այլի, առաջարկում է Ղարաբաղի հարցի քննարկումը թողնել ապագային։ Երևանն ու Ստեփանակերտը անմիջապես համաձայնել էին։ Բաքուն, ըստ էության, մերժել էր։ Սոչիում ստորագրված աղոտ հայտարարությունը այդ մերժման արձանագրությունն էր նաև։
Վարդանյանը իրեն տեսնում է բանակցողի դերում
Քիչ առաջ Ղարաբաղի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանն անձամբ արձագանքել է Ալիևին։
Ողջունելով Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու՝ Ադրբեջանի ղեկավարի ձգտումը, Վարդանյանը առաջարկել է «ավելի կառուցողական տոնայնության անցնել»։
«[Կուզենայի նաև] պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»», – գրել է Վարդանյանը։
Պուտինը զանգվել է Ալիևի հետ
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Կրեմլի՝ «քննարկվել են առևտրա-տնտեսական ու էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող առանձին հարցեր»:
Ըստ Բաքվի, զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Մինսկի խումբ էլ չկա
2.5 ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակված Ֆիլիպ Ռիքերը նախօրեին հայտարարել է, որ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։
«Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին», – ամփոփել է ամերիկացի դիվանագետը։
44-օրյա պատերազմից հետո եռանախագահության մակարդակով բանակցությունները փաստացի փակուղում են։ Չնայած Հայաստանը պարբերաբար խոսում էր հակամարտությունը հենց այս ձևաչափով կարգավորելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը հրաժարվում էր վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով՝ նման հարց և ձևափաչ այլևս գոյություն չունի։ Ուկրաինական պատերազմից հետո Մինսկի խմբի «անորոշ ապագայի» մասին էր խոսում նաև Ռուսաստանը։
Սահմանին կրակում են
Բաքուն և Երևանը գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու և դիրքեր գնդակոծելու մեջ։ Երևանը ադրբեջանական կողմի մեղադրանքները մեկնաբանում է որպես Բաքվի ագրեսիան քողարկելու միջոց։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հերթական վիրավորի մասին է հաղորդել։
«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն կտրականապես հերքել է այս տեղեկությունը։
Սեպտեմբերի 13-14-ի մարտերից հետո սա առնվազն երրորդ դեպքն է, երբ հայկական կողմը հաղորդում է հակառակորդի կրակոցից վիրավորված հայ զինծառայողի մասին։
տե՛ս Երկու տարի՝ առանց պատերազմի և խաղաղության