Home / Հայաստան / ՌԴ-ից եկած միլիարդատերը՝ Արցախի պետնախարար

ՌԴ-ից եկած միլիարդատերը՝ Արցախի պետնախարար

Ղարաբաղի նախագահի հրամանագրերով միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար։

Պետնախարարի լիազորություններն ընդլայնվել են։ Այսուհետ Վարդանյանը վերահսկելու և համակարգելու է Արցախի իշխանության գործադիր թևի բոլոր ոլորտները՝ բացառությամբ ուժային կառույցների։

Սեպտեմբերին ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատերը կհամակարգի Արցախի արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, գյուղատնտեսության, ԿԳՄՍ, սոցիալական զարգացման, միգրացիայի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև՝ ՊՎԾ, կադաստրի և պետգույքի կոմիտեի, ՊԵԿ-ի, նյութական վնասների հարցերի կոմիտեի, պետական տեսչությունների, ջրային կոմիտեի ղեկավարների գործունեությունը։

Վերջին շրջանում հաղորդվում է Բաքու-Ստեփանակերտ կետային շփումների մասին։ Քննարկվում է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ուղիղ մեխանիզմներ ներդնելու հարցը։ Արդյոք այդ շփումները համակարգվելու են հենց Վարդանյանի կողմից՝ դեռևս հայտնի չէ։

Օրերս ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Վարդանյանը հայտարարել էր, թե իր համար անընդունելի է բանակցությունների անցկացումն առանց Արցախի։ Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունը մանդատ չունի արցախցիների փոխարեն որոշելու, թե ինչպես պետք է ապրեն նրանք։

«Արցախի, այստեղ ապրող մարդկանց ապագան պետք է որոշվի նրանց մասնակցությամբ։ Եվ այդ առումով ցանկացած բանակցություն, որ այս պահին ընթանում է, չի կարող ընթանալ առանց Արցախի», – ասել էր նորանշանակ պետնախարարը։

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված միլիարդատերը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և բնակություն է հաստատում Արցախում: Արդեն հոկտեմբերի սկզբին Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն 54-ամյա գործարարին առաջարկել էր ստանձնել պետական նախարարի պաշտոնը։ Վարդանյանը պատասխանել էր՝ կհամաձայնվի, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։