Հայ-ռուսական գործարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները», – հայտարարել է Վարդանյանը։
Հոկտեմբերի սկզբին Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ առաջարկել է Ռուբեն Վարդանյանին Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել «որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում Ղարաբաղ՝ քաղաքականություն մտնելու համար։ Միլիարդատեր բիզնեսմենը Ռուսաստանը համարում է Հայաստանի միակ դաշնակիցը և առաջարկում Թաթարստանի պես մտնել Ռուսաստանի կազմի մեջ։
«Եթե միութենական պետության ստեղծումը անխուսափելի է, ինչպես անենք, որ դառնանք Թաթարստանի պես ամենահաջողված ռեգիոնը, ոչ թե դառնանք Ռուսաստանի Դաշնության մեջ մտնող այլ, ավելի աղքատ ռեգիոնների նման», – մարտին հայտարարել էր Վարդանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։
Վարդանյանի փողեր լվալու, կաշառք տալու ու այլ հանցավոր սխեմաների մեջ ներգրավվածության մասին կարելի է կարդալ այստեղ։