Հայ-ռուսական գործարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը մտել է քաղաքականություն, մեկնել է Ղարաբաղ և չի նախատեսում վերադառնալ։ Տնջրի ծառի տակից նա երեկ տեսաուղերձ էր հղել՝ դիմելով Ռուսաստանին, «մեր հարևաններին», միջազգային հանրությանն ու ողջ հայությանը․․․
Վարդանյանը որոշել է հրաժարվել Ռուսաստանի քաղաքականությունից և տեղափոխվել Ղարաբաղ, քանի որ, ինչպես ինքն է ասում, «Арцах – это корневая основа всего армянства» («Արցախը ողջ հայության արմատային հիմքն է»), «это центр армянства» («հայության կենտրոնն է») և «мы не можем допустить, чтобы всё созданное нашими предками на протяжении тысячелетий кануло в Лету» («մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարամյակներով ստեղծվել է մեր նախնիների կողմից, մոռացության մատնվի»)։
Ռուսական «Տրոյկա Դիալոգի» նախկին սեփականատերը վստահ է՝ հայերի համար այժմ «էքզիստենցիալ Սարդարապատ է սկսվել», որ «ճակատամարտ չէ» այլևս, այլ՝ «ճառագայթման պես մի բան»՝ «անտեսանելի և չզգացվող»։
2 շաբաթ առաջ նա առաջարկել էր ստեղծել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» և համախմբել «բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը»։ Այժմ տեղափոխվում է Արցախ, որպեսզի մենք «միասին, միավորված մեկ միասնական ճակատում» կարողանանք «կասեցնել մի քանի տասնամյակ շարունակվող սողացող պատերազմը»։
РБК-ի հետ զրույցում Վարդանյանը տեղեկացրել է, որ ռուսական քաղաքացիությունից հրաժարվելուց հետո Ռուսաստանում պահվող իր բոլոր ակտիվները փոխանցելու է «ընտանեկան հիմնադրամին»։
Ըստ Forbes-ի, նրա կարողությունները հասնում են 1 միլիարդ դոլարի։ Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց ցանկում նա 2021-ի դրությամբ 116-րդ տեղն է զբաղեցնում։
լվացքատուն, բարեգործություն, Թաթարստան
Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատերն է, ռուսական «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիրը, Ռուսաստանում ներդրումային մի քանի ընկերությունների, Հայաստանում՝ մի քանի հիմանդրամների և առևտրային ընկերությունների (համա)սեփականատերը։
OCCRP-ի հետաքննության համաձայն, «Տրոյկա Դիալոգին» պատկանող օֆշորային ընկերությունների միջով 2006-ից 2013 թվականների ընթացքում առնվազն 4․5 միլիարդ դոլար է անցել, հայազգի գործարարը կազմակերպել է ռուսաստանցի մեծահարուստների և պաշտոնյաների (օրինակ՝ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Սերգեյ Ռոլդուգինի) փողերի լվացումը։ Հանցավոր սխեմայում Վարդանյանի ղեկավարած ընկերությունը օգտագործել է հայազգի արտագնա աշխատողների անձնական տվյալները․ վերջիններս այդ մասին տեղյակ էլ չեն եղել։
2011-2012 թվականներին «Տրոյկա Դիալոգը» վաճառվել է ռուսական «Սբերբանկին»՝ 1․4 միլիարդ դոլարով։ Արդեն 2013-ին Վարդանյանը նոր ներդրումային ընկերություն է հիմնել։ Միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Ռուսաստանում, փայաբաժիններ՝ մի շարք խոշոր նախագծերում։
2016-ից հետո ակտիվացել է նաև Հայաստանում։ Բացել է Դիլիջանի միջազգային դպրոցը, մի քանի հիմնադրամներ է ստեղծել, ի վերջո՝ համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ Ներկայանում է նաև որպես բարերար։
Զգալի փայաբաժին ունի Ամերիաբանկում, որը աչքի է ընկել հատկապես Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված սկանդալով։
Հաճախ խոսում է Թաթարստանի մասին։ Օրինակ․ «Եթե անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։
Ալեքսեյ Նավալնու ղեկավարած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետաքննության համաձայն, Վարդանյանը իրեն պատկանող Santerna Holdings Limited օֆշորային ընկերության միջոցով առնվազն 3 միլիարդ ռուբլի կաշառք է տվել Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի ընտանիքին։
ապրելու երկիր
44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի գործարարը որոշել է մտնել հայկական քաղաքականություն։ Ֆեյսբուքում տեսաուղերձներ է հղում, հանդես է գալիս հարցազրույցներով։
Ըստ որոշ տեղեկությունների, 2021 թվականին հիմնել և առ այսօր ֆինանսավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Վարդանյանը հերքում է, որ կապ ունի «Ապրելու երկրի» հետ, մյուս կողմից՝ կուսակցության առաջնորդների հետ միասին մասնակցում է, օրինակ, Մեղրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին և հանդիպումներ ունենում կուսակտիվի հետ։
«Ապրելու երկիրը» պաշտոնապես ստեղծվել է նախկին սոցապ նախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի կողմից։ 44-օրյա պատերազմից հետո Թանդիլյանը՝ ճիշտ Վարդանյանի պես, տեղափոխվեց Ղարաբաղ, ամիսներ անց վերադարձավ Հայաստան և համահիմնադրեց հիշյալ կուսակցությունը․ խորհրդարանական վերջին ընտրություններին այն չէր մասնակցում, բայց մեծ թափով ներգրավվել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական քարոզարշավին։
ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուբեն Վարդանյանը 2021 թվականի հունիսին ՀՀ քաղաքացիություն է ստացել և մտադիր է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից․ հայաստանյան օրենսդրության համաձայն, վարչապետ/պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ Երկքաղաքացիությունը բացառող դրույթը տարածվում է նաև Երևանի քաղաքապետի վրա։