Home / Բնապահպանություն / «Ավրորան» ու Ամուլսարի հանքն համատեղելի՞ են․ հարց Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին

«Ավրորան» ու Ամուլսարի հանքն համատեղելի՞ են․ հարց Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին

afeyanvardanyan

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ ամերիկացի ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի (լուսանկարում՝ ձախից) և ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի (լուսանկարում՝ աջից երկրորդը) գործունեության մեջ հակասություն կա։ Նրանք մի կողմից հանրությանը ներկայանում են սոցիալական, էկոլոգիական, կրթական ու բարեգործական ծրագրերով՝ մյուս կողմից էլ՝ Ամուլսարի վտանգավոր հանքի շահագործման համար վարկ տրամադրող «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի անդամներ են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը նրանց ուղղված բաց նամակով խնդրել է գործարարներին հանրությանը բացահայտել այդ հակասության պատճառը։

Նամակի մեջ, մասնավորապես, ասվում է․

«Օրեր առաջ մեծ հիասթափություն և վրդովմունք ապրեցինք՝ տեղեկանալով, որ «Ամերիաբանկը» 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Մեզ համար խիստ անսպասելի և անհասկանալի է «Ամերիաբանկի» նման քաղաքականությունը։ Նախ, որովհետև այն իրեն ներկայացնում էր որպես բնության և քաղաքացու նկատմամբ պատասխանատու բանկ, որն ըստ պաշտոնական կայքի՝ ունի բնական միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականություն։ Երկրորդ, որովհետև բանկի տնօրենների խորհրդի անդամներն եք դուք, ովքեր հանրությանը հայտնի են դարձել սոցիալական, էկոլոգիական, կրթական ու բարեգործական ծրագրերով՝ այդ թվում նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ: Դուք նաև գլխավորել եք «Հայաստան 2020» նախագիծը, որտեղ հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացման ձեր տեսլականում չի եղել, իսկ ձեր մասնակցությամբ հիմնադրված և ութ տարի անց լուծարված «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը» որդեգրել էր հատուկ ռազմավարական ուղղություն՝ նպաստելու Հայաստանի «Հարավային դարպասի» զբոսաշրջային զարգացմանը՝ ներառելով Ջերմուկի զարգացման երկարաժամկետ պլանը։ Ի դեպ, «Հարավային դարպասի» զբոսարշրջության զարգացման, ինչպես նաև «Ջերմուկ քաղաքի զարգացման» ծրագրերը շարունակում են մնալ պետական քաղաքականություն, որոնք պարադոքսալ կերպով Համաշխարհային բանկի զարգացման գործակալության վարկային ծրագրերի հեռանկարում են»։

ՀԲՃ-ի նամակում նշվում է նաև, որ տարիներ շարունակ բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումը լի է անկառավարելի ռիսկերով, որոնք կարող են մեկընդմիշտ թունավորել Որոտան և Արփա գետերն ու Վայոց Ձորի գյուղատնտեսական հողերը, տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ամենամեծ պաշար հանդիսացող և Հայաստանի համար ռազավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը: Լուրջ վտանգի տակ է հայտնվելու նաև Ջերմուկ առողջարանային քաղաքը՝ իր հանքային ջրերի հետ միասին։

«Ամերիաբանկի «կանաչ» պատկերին հավատալով՝ մեր նախաձեռնությունը նույնպես մի քանի շաբաթ առաջ հաշիվ էր բացել բանկում։ Սակայն մենք, ինչպես և շատ այլ քաղաքացիներ, բոյկոտեցինք ձեր բանկը՝ տեսնելով, որ ի պատասխան բարձրաձայնված խնդրին՝ բանկը շարունակում է պաշտպանել այս խայտառակ հակաբնապահպանական, հակամարդկային և բիզնեսավարման տեսանկյունից՝ բարոյազուրկ վարկային գործարքը։ Բանկի աշխատակիցները նույնիսկ համարձակվում են ապատեղեկացնել բողոքող հաճախորդներին՝ ասելով, թե հնարավոր է՝ բանկի քաղաքականությունը վերանայվի այս հարցում, կամ էլ ստելով, թե իբր «Lydian International»-ը պատասխանատու հանքարդյունաբերության մեծ փորձ ունեցող ընկերություն է (այս ընկերությունն ընդհանրապես որևէ փորձ չունի, հիմնադրվել է 2005թ․) և ծրագիրը ռիսկեր չի պարունակում, և կամ թե այս հանքային ծրագրին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) պես «բարձր չափորոշիչներ» ունեցող կազմակերպություններն են վարկ տալիս, ուստի այս հանքը վտանգ չի կարող պարունակել:

Անշուշտ, ծիծաղելի վիճակում են հայտնվում նման պնդումներ անողները, քանի որ միայն ուսումնասիրելով Հաֆինգթոնփոսթ թերթում 2015թ․ ապրիլին հրապարակված «Ոսկու տենդ․ թե ինչպես է Համաշխարհային բանկը ֆինանսավորում բնության ավերը» հետաքննական հոդվածը՝ կարելի է կարծիք կազմել այն մասին, որ բնապահպանական «բարձր չափորոշիչներ» միջազգային ֆինանսական այս կառույցները չեն կիրառում, իսկ նրանց ֆինասնավորմամբ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում, նախկին խորհրդային երկրներում հանքարդյունաբերական ծրագրերի գործած ահռելի բնապահպանական ավերն ուղղակի անդառնալի է և հանգեցնում է միլիոնավոր մարդկանց ֆիզիկական և տնտեսական տարհանման։ Այս մասին չէր կարող չիմանալ և հետևություններ չանել Ռուբեն Վարդանյանը՝ լինելով ՄՖԿ Տնտեսական խորհրդի անդամ։

Մեզ համար անհասկանալի է այս հակասությունը ձեր գործունեության մեջ․ ինչպե՞ս կարող եք դուք՝ մի կողմից հիմնադրել մարդասիրական ծրագրեր, խոսել Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման մասին, իսկ մյուս կողմից ֆինանսավորել այսպիսի կարճաժամկետ և էկոլոգիական աղետով հղի մի ծրագիր Հայաստանում»: