Home / Դատարան / «Չբացահայտված»․ Վերաքննիչն անփոփոխ թողեց Ավետիսյանների սպանության գործով վճիռը

«Չբացահայտված»․ Վերաքննիչն անփոփոխ թողեց Ավետիսյանների սպանության գործով վճիռը

permyakov

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Աղամանյանի նախագահությամբ անփոփոխ է թողել Գյումրու Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատավճիռը։

Այս տարվա օգոստոսին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղադրվող ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Չնայած դրան, սպանվածներից մեկի՝ Արաքսյա Ավետիսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, և նրա պաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Epress.am֊ի հետ զրույցում ասել էին, որ սպանության գործը չի բացահայտվել։ Վերջինս նշել էր, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ Պերմյակովը սպանության օրը միայնակ չի եղել, և, հնարավոր է, Ավետիսյանների ընտանիքը չի եղել թիրախը։ Ըստ այդմ, վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։

Արաքսյա Ավետիսյանի իրավահաջորդի մեկ այլ ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) իրավաբան Արայիկ Զալյանը այսօր մեզ հետ զրույցում նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճռից հետո Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր։

«Ըստ էությանն՝ ամենասկզբից Հայաստանի կողմից դրսևորած վարքագիծն այդ գործի քննության բացահայտման ուղղությամբ արդեն իսկ մեծ հույսեր չէր տալիս։ Եթե առաջին ատյանի դատարանն այդ ուղղությամբ որևիցե մի բան չարեց, հետաքննական մարմինը որևէ բան չարեց, Մհեր Աղամանյանի գլխավորած Վերաքննի դատարանի դատավորները դրական որոշում չէին կարող կայացնել», – ասել է Զալյանը։ Նրա խոսքով՝ եթե Վճռաբեկ դատարանն էլ չբեկանի Վերաքննիչի հաստատած վճիռը՝ իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Զալյանն ասել է նաև, որ Վերաքննիչ դատարանը մերժել է նաև Ավետիսյաննների ընտանիքի 7 անդամների իրավահաջորդների քաղհայցը, որով նրանք 450 հազար եվրոյի չափով բարոյական վնասի փոխհատուցում էին պահանջել Ռուսաստանի Դաշնությունից։