Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Դատավոր Հարություն Մովսեսյանն ապացուցված է համարել, որ ռուսաստանցի զինվորը 2015 թվականի հունվարի 12-ին ինքնակամ լքել է զորամասը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխայի։ Մինչդեռ դատավարության մասնակիցներից տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծում է, որ սպանությունը բացահայտված չէ, գործի բազմաթիվ հանգամանքներ հայտնի չեն դարձել։ Epress.am-ի հետ ուրբաթ կայացած զրույցի ընթացքում նա ընդգծել էր, որ հիմնավոր կասկածներ ունի, թե Պերմյակովը սպանության օրը միայնակ չի եղել, և, հնարավոր է, Ավետիսյանների ընտանիքը չի եղել թիրախը։ Նա ասել էր, որ ընտանիքի 7 անդամների սպանության գործի բացահայտմանը խանգարել է նաև քաղաքական գործոնը՝ այն փաստը, որ Վալերի Պերմյակովը ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող է։
Մանրամասները՝ տեսանյութում․
Իր հերթին, սպանվածներից մեկի՝ Արաքսյա Ավետիսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, որը տուժողի իրավահաջորդն է, նշել է, որ դատավարությունն աբսուրդային է եղել, և նրա համոզմամբ էլ իրականում հանցագործությունը չի բացահայտվել։