Home / Բնապահպանություն / «Գտեք բարեգործների կապը հանքակերների հետ»․ բնապահպանները՝ Ամուլսարի մասին

«Գտեք բարեգործների կապը հանքակերների հետ»․ բնապահպանները՝ Ամուլսարի մասին

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը «Գտեք բարեգործների կապը հանքակերների հետ» հոդվածում անդրադառնում է այն գործարարներին, որոնք կապ ունեն Ամուլսարի հանքի հետ։ Բնապահպանները բազմաթիվ ակցիաներ են իրականացրել Ամուլսարի հանքի շահագործման դեմ․ նրանք պնդում են, որ այն լուրջ բնապահպանական խնդիրներ կառաջացնի։

ՀԲՃ֊ի հոդվածն ամբողջությամբ․

«Լիդիան Արմենիան» (նախկինում Գեոթիմ) այն ընկերությունն է, որն աչք է դրել Ջերմուկի հարևանությամբ գտնվող Ամուլսարի վրա՝ նպատակ ունենալով քիմիական խիստ թունավոր եղանակով՝ ցիանիդային տարրալվացմամբ կորզել այս լեռից ոսկի։ Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին, չունի հանքարդյունաբերական որևէ փորձ, բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Լիդիան Ինթերնեյշնլ ԲԲ ընկերությանը (Lydian International), որը գրանցված է Ջերսի օֆշորային գոտում (Նորմանդյան կղզիներ / Channel Islands)։ Ջերսին համարվում է ինքնավար գոտի՝ սեփական օրենսդրությամբ և կառավարմամբ, սակայն գտնվում է Մեծ Բրիտանիայի թագուհու հպատակության ներքո։ Մեծ Բրիտանիայի օրենսդրությունն այս գոտու վրա անմիջականորեն չի տարածվում, յուրաքանչյուր օրենսդրական ակտ քննվում և ընդունվում է Ջերսիի ինքնավար կառավարության կողմից:

Այդուհանդերձ Ջերսիի հարյուր հազարը չգերազանցող բնակիչներն ունեն բրիտանական անձնագրեր։ Ֆինանսական դրախտ (tax heaven) համարվող այս գոտին ապահովում է օրենսդրական հիանալի պայմաններ ընկերությունների համար, որոնք կարողանում են թաքցնել իրենց հիմնադիր և շահառու բաժնետերերին (beneficiary owners), փոխկապակցված շահառուներին (affiliated beneficiaries), այս գոտիները նաև ունեն շատ ցածր հարկային դաշտ և մատուցում են, ըստ իրենց, հարստության կառավարման լավագույն ծառայություններն աշխարհում (wealth management services)։ Լիդիան Ինթերնեյշընըլը 2008 թվականից գրանցված է նաև Տորոնտոյի արժեթղթերի շուկայում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում տեղեկանալ Լիդիան Ինթերնեյշնլի արժեթղթերի տերերի (բայց ոչ հիմնադիր և շահառու բաժնետերերի) մասին։

Ովքե՞ր են աջակցում Լիդիանին: Այստեղ չենք ներկայացնում տարբեր ներդրումային ընկերություններին ու ֆինանսական շուկայում խաղացող հեջ-ֆոնդերին (hedge fund, սահմանափակ պատասխանատվությամբ ներդրողներ, որոնք կիրառում են ռիսկային մեթոդներ, օրինակ ներդրում են պարտքով վերցված գումարներ՝ հույս ունենալով ապահովել կապիտալի խոշոր վերադարձ): Ավելի հետաքրքիր է Ամուլսարի օրինակով ցույց տալ «բարեգործ» հռչակված գործարարների և «զարգացման» կազմակերպությունների կապը հանքակերության հետ: Աչքի են ընկնում նկարում պատկերված գրեթե բոլոր գործարարների բարձր մակարդակի առնչությունները, հատկապես՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ, AGBU) և «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ, EBRD). Lydian International-ի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպես նաև խոշոր վարկատու: Ստեղծվել է 1991թ․ Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների կողմից հատուկ ետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։

Միջազգային ֆինանսական կորպորացիա, Համաշխարհային բանկի խումբ (ՄՖԿ, IFC, World Bank group). Lydian International-ի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպես նաև խոշոր վարկատու: Ստեղծվել է 1956թ․ որպես Համաշխարհային բանկի մասնավոր բիզնեսի խթանման թև։ Արդեն շուրջ 70 տարի անմիջականորեն, ինչպես նաև միջնորդ բանկերի միջոցով վարկավորում է զարգացող երկրներում մասնավոր բիզնեսներ՝ աղքատության կրճատման և զարգացման նպատակով։ Հայաստանում նույնպես մասնավոր բիզնեսի խթանման միջոցով վերջին 20 տարիներին նպատակ է ունեցել նվազեցնել աղքատությունը և խթանել երկրի մասնավորեցումը։

Ամերիաբանկ. իր «սոցիալական և կանաչ» ծրագրերը գովազդող հայաստանյան բանկ, որը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Լիդիան Արմենիա ընկերության հետ Ամուլսարի հանքի շահագործման համար: Ամերիաբանկի բաժնետերից է նաև ՎԶԵԲ-ը, որը փաստորեն բացի անմիջականորեն ֆինանսավորելուց Ամուլսարի ծրագիրը, նաև անուղղակիորեն է մասնակցում հավելյալ ֆինանսավորմանը։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IDeA) միտված է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարի զարգացմանը: Հիմնադրամն ունի 10 զարգացման մոդելներ, որոնք երբեմն իրարամերժ են, օրինակ՝ մի կողմից առողջապահություն, գյուղատնտեսություն-ֆերմերություն, մյուս կողմից հանքարդյունաբերություն: IDeA-ի նախաձեռնությունների մեկը Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն է: Հիմնադիրները նաև Ամերիաբանկի հիմնադիրներից են։ Ամուլսարի հանքի հետ կապված 5 «բարեգործ-գործարարներից» 4-ը IDeA հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձու կամ նվիրատու են:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ, AGBU) աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպությունն է: Ամուլսարի հանքի հետ կապված 5 «բարեգործ-գործարարներից» 4-ը ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ են:

Արմեն Սարգսյան. 1991-95թթ. և 2013թ. սեպտեմբերից մինչև օրս ՀՀ դեսպանն է Մեծ Բրիտանիայում: 1996-97թթ. մի քանի ամսով ՀՀ վարչապետն է եղել: 2013թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին եղել է Lydian International-ի տնօրենը: Այս շրջանում կարգավորել է ՀՀ կառավարության կողմից տարբեր թույլտվությունների ստացումը, ինչպես նաև կարևոր ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրին: Այս նույն շրջանում կազմակերպել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան՝ “Երևան, իմ սեր” ծրագրի շրջանակում, որը հավելյալ հետաքննության կարիք ունի: 1993-2000թթ. Սարգսյանը հանդիսացել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի և ՎԶԵԲ կառավարչի հատուկ խորհրդատու: IDeA հիմնադրամի Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:

Ռուբեն Վարդանյան. Ռուսաստանցի խոշոր գործարար, որը ներկայանում է նաև որպես բարեգործ: Ռուսաստանի «Sberbank CIB» բիզնես-խմբի հիմնադիրներից է: Հիշեցնենք, որ այս խմբավորումը ստեղծվել է ռուսական «Sberbank»-ի և «Тройка Диалог» ընկերության համաձուլումից: Նրա անունը հայտնվել է նաև Պանամայի փաստաթղթերում: Հայաստանում վերջերս առավել հայտնի է դարձել իր բարեգործական գործունեությամբ: Նա IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր է: ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: Միաժամանակ, Ամուլսարի հանքի վարկատու Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անդամ է և հանքի բաժնետեր ու վարկատու Միջազգային ֆինանսական կորպորացիայի տնտեսական խորհրդի անդամ:

Նուբար Աֆեյան. Ամերիկացի ձեռնարկատեր է, 2000թ. հիմնադրել է Flagship Ventures-ը, որը ստեղծում և վաղ փուլերում ֆինանսավորում է սթարտափներ՝ առողջապահության և կենսակայունության ոլորտում եղած կարիքները հոգալու համար: Նա IDeA բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ է, Ռուբեն Վարդանյանի հետ միասին հանդիսանում է Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության հիմնադիրներից մեկը: 2012թ-ից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: Միաժամանակ, ինչպես և Ռուբեն Վարդանյանը, Ամուլսարի հանքի վարկատու Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անդամ է:

Ժոզեֆ Ուղուրլյան. Lydian International-ի խոշորագույն բաժնետերերից մեկի՝ Amber Capital-ի հիմնադիրն ու տնօրենն է: Նույն ընկերությունը նաև Արցախ ՀԷԿ-ի բաժնետեր է: Նա նաև ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է 2010թ-ից:

Վահան Քոլոլյան. Lydian International-ի բաժնետոմսերի 10 խոշորագույն բաժնետերերից մեկն է: 2004-ին հիմնադրել է Terranova Partners ընկերությունը, նաև ներգրավված է հանքարդյունաբերության ոլրտում հետախուզություններ անող ընկերություններում: Ներառված է IDeA հիմնադրամի UWC Դիլիջանի քոլեջի նվիրատուների ցանկում: Թեև ՀԲԸՄ տնօրենների խորհրդի անդամ չէ, սակայն այս կազմակերպության հետ կապեր ունի, առնվազն՝ ծրագրերի համաֆինանսավորման ձևով: