Այսօր մի խումբ բնապահպաններ «Ամուլսար․ կյանք, թե՞ հանք» խորագրով բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Կառավարության շենքի դիմաց՝ դատապարտելով Ջերմուկից 10 կլիոմետր հեռավորության վրա գնտվող Ամուլսարում ոսկու հանքի շահագործման ծրագիրը և պահանջելով դադարեցնել այն։
«Գնացեք ցիանիդի ծոցը», «Ջուր թե՞ ցիանիդ», «No Mining at Amulsar» (Ոչ Ամուլսարի հանքին), «Hands off Armenia» (Ջեռքերդ հեռու Հայաստանից) գրառումներով պաստառներով բնապահպանները կանգնել են Կառավարության շենքի մոտ և տեղեկատվական թերթիկներ բաժանել անցորդներին։
Դրանց մեջ ասված էր, որ Ամուլսարում նախատեսվում է տարեկան վերամշակվել 10 մլն տոննա հանքաքար, իսկ ոսկին հարստացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի միջոցով, որից տարեկան ներկրվելու և օգտագործվելու է 1000 տոննա։
Բնապահպանները նշում են, որ այս հանքավայրի շահագործումը խաթարելու է Հայաստանի էկոլոգիական և ազգային անվտանգությունը, քանի որ այն վտանգում է երկրի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարներն ու Ջերմուկ առողջարանային քաղաքը։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ անկառավարելի ռիսկեր են ստեղծվելու Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելի, Սևանա լճի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Որոտան և Արփա գետերի համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծով զբաղվում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Գլխավոր ներդրողներն են՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD)։