Ֆրանսիական արհմիությունները համազգային գործադուլ են հայտարարել երկրում վերջերս սկսած ցույցերի ֆոնին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես՝ Փարիզում, բողոքի ցույցեր ու երթեր են կազմակերպվում տարբեր արհմիությունների ու ձախ ուժերի կողմից։ Գործադուլները արդեն թողել են իրենց ազդեցությունը․ ամբողջ երկրում վառելիքի պակաս ու մատակարարման խնդիր է առաջացել։
Երեկ 11 մարդ է ձերբակալվել մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ, հայտնել է ՆԳՆ-ն՝ հավելելով, որ նույն օրը 107 հազար մարդ ամբողջ երկրում դուրս է եկել բողոքի ցույցերի, այդ թվում՝ 13 հազարը՝ մայրաքաղաքում։ «Աշխատանքի ընդհանուր միություն» (CGT) արհմիության տվյալներով՝ Փարիզում երթին մասնակցել է 70 հազար մարդ։
Ոստիկանների ու ցուցարարների բախումը։ Փարիզ, հոկտեմբերի 18, 2022թ․, Reuters
Գործադուլները տեղի են ունենում լարված քաղաքական համատեքստում, քանի որ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է ընդունել 2023 թվականի բյուջեն՝ օգտագործելով սահմանադրական լիազորությունները, որոնք թույլ կտան շրջանցել խորհրդարանի քվեարկությունը, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը:
Փարիզում ձախ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը բազմահազարանոց երթ էր կազմակերպել կիրակի օրը՝ ընդդեմ թանկացումների ու գլոբալ տաքացման հարցում կառավարության անգործության։ Երթին մասնակցում էր նաև գրականության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիր Աննի Էռնոն։
Շուրջ 140 հազար մարդ դուրս էր եկել փողոց՝ պայքարելու Ֆրանսիայում վերջին տասնամյակների ամենաբարձր գնաճի դեմ, որը Էմանուել Մակրոնի ամենամեծ մարտահրավերներից մեկն է նախագահ վերընտրվելուց հետո: Որոշ ցուցարարներ հագել էին դեղին բաճկոններ՝ 2018-ի հակակառավարական ցույցերի խորհրդանիշը։
Հոկտեմբերի 16, 2022թ․, Փարիզ, AFP
Արհմիությունների այսօր հայտարարած գործադուլը ավելի լայն արդյունաբերական շարժումների մի մասն է։ Արդեն շաբաթներ շարունակ Ֆրանսիայի նավթավերամշակման խոշոր գործարանների աշխատողները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։
Գործադուլների պատճառով, այժմ, Փարիզի բենզալցակայանների մոտ 10%-ը խնդիր ունի բավարար քանակությամբ վառելիք մատակարարելու հետ, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակը։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնի տվյալներով՝ ամբողջ երկրում բենզալցակայանների շուրջ մեկ քառորդը վառելիքի պակասություն ունի։ Ֆրանսիան կորցրել է իր վերամշակման կարողության 60%-ը՝ ստիպելով կառավարությանը ներմուծել վառելիք համաշխարհային գնաճի պայմաններում։
Եվրոգոտու երկրորդ ամենամեծ տնտեսությունում լարվածության աճի հետ մեկտեղ գործադուլներն արդեն տարածվել են էներգետիկ ոլորտի այլ հատվածներում, ներառյալ միջուկային գիգանտ EDF-ում, որը հետաձգել է Եվրոպայի էներգամատակարարման համար կարևոր տեխնիկական սպասարկման աշխատանքները:
Գնացքները գերծանրաբեռնված են, Փարիզ-Լոնդոն երկաթուղու որոշ ուղևորափոխադրումներ չեղյալ են հայտարարվել։ Տրանսպորտի աշխատողներից բացի, արհմիությունները հույս ունեն գործադուլի մեջ ներգրավել սննդի արդյունաբերության և առողջապահության աշխատողներին: Կրթության նախարարությունը հայտնել է, որ իր աշխատողների շուրջ 6%-ը դուրս է եկել աշխատանքից, իսկ մասնագիտական դպրոցների (քոլեջների) համար այդ ցուցանիշը հասել է 23%-ի:
Ֆրանսիացի ուսանողները փակել են Lycee Montaigne ավագ դպրոցի մուտքը՝ ի նշան համազգային գործադուլի: Փարիզ, հոկտեմբերի 18, 2022թ., Reuters
Elabe խմբի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ֆրանսիացին պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին մասնակցել գործադուլի կամ բողոքի ցույցերի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։
Մակրոնի նախագահ դառնալուց մեկ տարի անց ստեղծվեց «դեղին բաճկոնների» շարժումը, որը պայքարում էր գնաճի դեմ և պահանջում էր տնտեսական արդարություն։ 2019-ի վերջին ցույցերի մեկ այլ ալիք բարձրացավ ընդդեմ Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների նախագծի, որով բարձրացվում էր թոշակի անցնելու տարիքը։