Ստեփանակերտը հաստատել է՝ ադրբեջանցի մասնագետներն այցելել են Արցախի Մարտակերտի շրջանում հայկական վերահսկողության տակ գտնվող Սարսանգի ջրամբար։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ փոխադարձ այցերը սկսվել են դեռևս 2021 թվականից։
Որ ադրբեջանցի փորձագետները մտել են Սարսարի ջրամբար՝ ադրբեջանական լրատվամիջոցները դեռևս երեկ էին գրել։ Արդեն այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հաստատել է՝ «Ադրբեջանի Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության մասնագետները հայ մասնագետների հետ միասին դիտարկել են ջրամբարի տարածքը, ստացվել է տեղեկություն ջրի ներհոսքի ու բացթողման ժամանակացույցի վերաբերյալ։
Ըստ պաշտոնական տվյալների, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռ 2021 թվականից են շփվում ադրբեջանական կողմի հետ, պարբերական այցեր են կատարում նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ։
«Հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով:
Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը:
Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում», – ասված է հաղորդագրությունում։
Սարսանգը Արցախի խոշորագույն ջրամբարն է, շահագործման է հանձնվել 1976 թվականից, գտնվում է Ստեփանակերտից մոտ 60 կմ դեպի հյուսիս, ամբողջությամբ հայկական վերհսկողության տակ է։ Ջրատարողությունը՝ շուրջ 600 մլն խորանարդ մետր, ապահովում է Արցախի էլեկտրաէներգիայի և ոռոգման պահանջարկի մեծ մասը։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն են անցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին հարակից 7 շրջանները, նաև՝ խորհրդային տարիներին ինքնավար մարզի մեջ մտնող Հադրութն ու Շուշին։
Ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ Ադրբեջանին են անցել «Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը», «ավելի քան 50 տոկոսով կրճատվել է անասնագլխաքանակը», «գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 51.1 տոկոսով», աղճատվել է նաև ենթակառուցվածքների, կոմունիկացիաների համակարգը։