Home / Հայաստան / ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցով նոր մարդ է ուղարկել, չնայաց սպառնալիքներին

ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցով նոր մարդ է ուղարկել, չնայաց սպառնալիքներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահը եկել է Երևան, նրա ռուսաստանցի գործընկերը՝ գնացել Բաքու։

Սեպտեմբերի 8-ին Երևան է ժամանել Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 8-ից 10-ը նա հանդիպելու է հայաստանյան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի «ԱՄՆ աջակցությունը խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»։ 

Հայաստանից ամերիկացի պաշտոնյան ուղևորվելու է Վրաստան և Ադրբեջան։

Բրյուսելում հաջողություն չի գրանցվել

Ռիքերի այցը տարածաշրջան Միացյալ Նահանգները ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը աջակցող քայլ։ 

Օգոստոսի 31-ին Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին Եվրամիության մայրաքաղաքում, որտեղ պայմանավորվել էին արտգործնախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։

Նախօրեին, սակայն, Հայաստանի վարչապետը անկեղծացել էր՝ Բրյուսելում առաջընթաց գրանցել չի հաջողվել։

«Հանդիպման ընթացքում ամենակարևոր կամ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել։ Խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է։ Մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, արձանագրում ենք խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու ցանկությունը», – Վլադիվոստոկում ասել է Փաշինյանը։

Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, Բրյուսելյան հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կրկին լարվել է․ արդեն 7 օր՝ Բաքուն գրեթե ամենաօրյա ռեժիմով մեղադրում է Հայաստանին ադրբեջանական դիրքերը գնդագոծելու մեջ, Երևանը ամեն անգամ հերքում է։ Հայկական կողմը մինչ այդ առնվազն մեկ զոհ ունի։ 

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նպաստում են

Այս ֆոնին Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահը եկել է Երևան, նրա ռուսաստանցի գործընկերն էլ՝ գնացել Բաքու։

Սեպտեմբերի 8-ին Ֆիլիպ Ռիքերը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին, իսկ այսօր՝ հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ըստ պաշտոնական Երևանի, Միրզոյանն ու Ռիքերը քննարկել են «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ»։

Հանդիպմանը կրկին շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Սեպտեմբերի 8-ին էլ Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը (ՄԽ ռուս համանախագահն է) ներկայումս Բաքվում է՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը: Առաջիկայում նա նույն նպատակով կայցելի նաև Երևան:

Ձևաչափի ճգնաժամ

Դեսպան Ֆիլիպ Ռիքերը Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել այս տարվա օգոստոսի 25-ին։ Նրա նշանակման մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով․ «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։

Բաքուն հակադարձել էր՝ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», «Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է», և սպառնացել՝ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։

44-օրյա պատերազմից հետո ՄԽ եռանախագահության մակարդակով բանակցությունները փաստացի փակուղում են։ Անցած գրեթե 2 տարիների ընթացքում հատուկենտ առանձին այցեր են եղել։ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների ներկայացուցիչները միասին վերջին անգամ տարածաշրջան են եկել 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս հետո՝ 2020-ի դեկտեմբերին: Համանախագահների հետ հանդիպմանն Իլհամ Ալիևը այն ժամանակ ուղիղ հայտարարել էր՝ նրանց Ադրբեջան չի հրավիրել։ Պաշտոնական Բաքուն համարում է, որ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Միսկի խմբի ձևաչափով աշխատանքների պարալիզացման մասին խոսում է նաև պաշտոնական Մոսկվան։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները «ռուսատյաց տենդի մեջ» հրաժարվել են Մինսկի խմբի ձևաչափով Ռուսաստանի հետ համագործակցելուց։ ԱՄՆ փոխպետքարտուղար հերքել էր սա։

Ապրիլին, այնուամենայնիվ, Ռուսաստանն իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակել էր արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։ Վերջինս այլևս չի ներկայանում որպես ՄԽ համանախագահ։

Հայաստանը թեև ընդունում է, որ Մինսկի խմբի հետ կապված որոշակի, այդ թվում՝ նոր բարդություններ կան, բանակցային այս ձևաչափից հույսերը դեռ չի կտրում։