Բանակցությունների արդյունքները՝ ըստ Բրյուսելի
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացմանն ուղղված բովանդակային աշխատանքները և հանձնարարել արտգործնախարարներին հանդիպել առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստի նախնական տարբերակի վրա։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
ԵԽ նախագահի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են նաև հումանիտար հարցերը, այդ թվում՝ «ականազերծմանը, կալանավորների և անհայտ կորածների ճակատագրին» վերաբերող․ «Նախագահ Միշելը Ադրբեջանի համար շեշտել է հայ կալանավորների (գերիների – խմբ․) հետագա ազատ արձակման կարևորությունը»։
Հանդիպման ընթացքում, ըստ Բրյուսելի տարածած հաղորդագրության, քննարկվել է նաև սահմանազատման և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացներում գրանցված առաջընթացը։
Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որը, ըստ հայկական կողմի հաղորդագրության, նույնպես ներառված էր քննարկման օրակարգում։
Հայտարարություն՝ Երևանից
Հայաստանի կառավարությունը հաստատել է՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով «շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ»։
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Շառլ Միշելի դռնփակ հանդիպմանը, ըստ հայկական կողմի, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին», – ասվախ է Հայաստանի կառավարության կառավարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Բրյուսելում այսօր կայացած բանակցություններին ընդառաջ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը հույս ունի, որ օգոստոսի 31-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։
Պաշտոնական Մոսկվան Եվրամիությանը մեղադրել էր «միջնորդության դափնիները զավթելու» փորձի մեջ և հայտարարել․ «Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ»։