Եվրամիության «ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է գեոպոլիտիկ հավակնություններով», այն «որևէ առնչություն չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ», այսօրվա բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող շփումները։
Քիչ առաջ Բրյուսելում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ բանակցությունները։ Մոսկվայում այսօր տեղի ունեցած ասուլիսին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը Եվրամիությանը մեղադրել է «միջնորդության դափնիները զավթելու» մեջ։
«Եվրոպացիների կեղծ նախաձեռնությունների հետևում ոչինչ չկա․ դրանք ավելի շատ միջնորդության դափնիների յուրացման են նման։ Մենք աշխատում ենք որպես միջնորդներ, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս և արժանանում կողմերի համապատասխան գնահատականի։ Նրանք, ովքեր իրենց որպես միջնորդ են ներկայացնում՝ այդպիսին չհանդիսանալով, պարզապես ի վիճակի չեն որևէ բան առաջարկել», – հայտարարել է Զախարովան։
Ըստ ռուս պաշտոնյայի, տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելը «կորցրել է դիվանագիտական հմտությունները»:
«Ինչ վերաբերում է Եվրամիության միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին տեղեկատվությանը, ապա Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներից մենք նման որևէ տեղեկություն չենք ստացել», – հավելել է Մարիա Զախարովան՝ շեշտելով՝ Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ։