Օգոստոսի 29-ից 30-ը հարյուրարավոր ցուցարարներ Հայիթիում փակել էին մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի փողոցները՝ պահանջելով վարչապետ Արիել Հենրիի հրաժարականը։ Երկրում նմանատիպ ցույցեր էին նաև նախորդ շաբաթ․ մի շարք քաղաքներում մարդիկ նույն պահանջով դուրս էին եկել փողոց, սակայն ցույցերը ցրվել էին։
Ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել, ոստիկանությունը փորձել է ցրել պրոտեստը՝ կիրառելով արցունքաբեր գազ։
Ցուցարարները վարչապետին մեղադրում են գնաճի և երկրում տարածված բռնությունների մեջ։ Վերջին ամիսներին Պորտ-օ-Պրենսում և դրա շրջակայքում անհամեմատ շատացել են փողոցային բանդաների կողմից բնակիչների նկատմամբ բռնություններն ու առևանգումները։
Ցուցարարները նույն պահանջով փողոց էին դուրս եկել նաև օգոստոսի 22-ին։ Այդ օրը՝ 1971 թվականին, սկսել է Հայիթիի հեղափոխությունը, որը ստրկուկների միակ հաջողված ապստամբությունը պատմության մեջ․ արդյունքում 1804 թվականին երկիրը Ֆրանսիայից անկախություն է ձեռք բերել։
Հայիթիում իրավիճակը սրվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 7-ին, երբ մի խումբ վարձկաններ սպանել էին երկրի նախագահ Ժովենել Մոիզին և նրա կնոջը։ Նրանց սպանությունից հետո երկրի փաստացի առաջնորդ Արիել Հենրին հրաժարվել էր լինել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար․ նախագահական ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգվել էին։
Ստեղծված քաղաքական անորոշության ֆոնին փողոցային բանդաների միջև սկսվել էր բախումների նոր ալիք՝ բերելով հարյուրավոր քաղաքացիական զոհերի։ Հայիթիում խորացել է նաև աղքատությունը․ սննդի և կենցաղային իրերի գնաճը հասել է մինչև 29%-ի։ Թանկացել է բենզինը, որը հիմնականում անհասանելի է բնակչությանը՝ քիչ քանակության պատճառով։
Տնտեսական ճգնաժամի հետևանքով մի շարք երկրներում ցույցեր են սկսվում։ Մոտ մեկ ամսվա ընթացքում մարդիկ փողոց էին դուրս եկել Սիերա Լեոնեում, Բանգլադեշում և Պանամայում։ Բացի այդ ամիսներ առաջ լայնածավալ ցույցեր էին սկսել Շրի Լանկայում որոնք, ավելի փոքր ծավալներով, շարունակվում են մինչ օրս։