Home / Բանակ / Մոսկվայում կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների երկրորդ հանդիպումը

Մոսկվայում կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների երկրորդ հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։

Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։

Սա հանձնաժողովների ձևավորումից հետո փոխվարչապետերի երկրորդ հանդիպումն է։ Գրիգորյանն ու Մուստաֆաևն առաջին անգամ հանդիպել էին մայիսին՝ Երասխի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին։ Հանձնաժողովի ձևավորման և առաջին հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Բրյուսելում՝ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում։ Սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին կողմերը պայմանավորվել էին Սոչիում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանակցությունների ժամանակ։

Այսօր Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության կազմը 11 հոգանոց է՝ փոխվարչապետից բացի ընգրկված են նաև արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման փոխնախարարները, ներկայացուցիչներ Զինված ուժերի ԳՇ-ից, ԱԱԾ-ից, Կադաստրի կոմիտեից։ Ադրբեջանական պատվիրակությունը 23 հոգանոց է։ Սա հանձնաժողովների ամբողջական կազմով առաջին հանդիպումն էր։