Բերման է ենթարկվել Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Ղարաբաղի նախագահի գործող գլխավոր խորհրդական, գեներալ Միքայել Արզումանյանը։ «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Ավանեսյանը հավաստիացրել է՝ Արզումանյանին բերման ենթարկելու մասին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացված չի եղել:
«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում», – նշել է Ղարաբաղի նախագահի խոսնակը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գնալու ճանապարհին՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական վարչության հանձնարարությամբ։