Home / Բանակ / Բաքուն սպառնում է հեռացնել ԱՄՆ-ին Հայաստանի հետ հարաբերություններից

Բաքուն սպառնում է հեռացնել ԱՄՆ-ին Հայաստանի հետ հարաբերություններից

Փաստացի չգործող Մինսկի խմբին «վերակենդանացնելու» փորձերը կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, դեսպան Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական նշանակելու մասին, զարմանք է առաջացնում, քանի որ այն ցույց է տալիս տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում», – մեկնաբանել է Աբդուլաևան:

Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս և հստակ արտահայտվել է ամենաբարձր մակարդակով, շեշտել է մամուլի խոսնակը ու հավելել՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։

«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում այդ գործընթացին», – հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կհեշտացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը», – ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Ռուսաստանի Ուկրաինայում սանձազերծած պատերազմից հետո հրաժարվել էին աշխատել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Այնուամենայնիվ, ավելի ուշ ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարեց, որ չնայած Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում։ 

Ռուսաստանի արտգործնախարարը իր հերթին հայտարարել էր, թե այլևս չի պատկերացնում՝ ինչ ապագա կարող է ունենալ Մինսկի խմբի համանախագահող եռյակը։ Հայաստանի արտգործնախարարը պնդում էր հակառակը՝ «Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում»։

Արցախի պետնախարարը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վստահում էր միայն Մինսկի խմբին՝ հրաժարվելով Եվրամիության միջնորդությունից։ 

Պաշտոնական Երևանը վերջին անգամ Մինսկի խմբին է դիմել մարտի 14-ին՝ խնդրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպել։ Մինսկի խմբից արձագանք մինչև օրս չի եղել: