Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, հանդիպման ընթացքում Արարարտ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը անդրադարձել են տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին։
«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի արտոգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է` քննարկելու այն առաջընթացը, որին հնարավոր է հասնել» և ափսոսանք հայտնել, որ տրանսպորտային հաղորդակցությունների հարցում «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել»
Բայրամովի խոսքով՝ վերջին շրջանում ինտենսիվ շփումներ են եղել պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի ուղղությամբ։
«Կարծում եմ, որ լավ զարգացումներ, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի և ներկայացուցչականության առումով, նաև կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի առնվազն սկսել այս գործընթացը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիումներ են ունեցել թե՜ Միրզոյանի, թե՜ Բայրամովի հետ։
Ռուս գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը հայտնել է, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի կունենան տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով եռակողմ, և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով՝ երկկողմ հանդիպումներ։
Միրզոյանը նշել է նաև, որ տարվա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ծրագրվում է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին հայտարարվել էր, որ Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում մայիսի 13-ին պետք է հանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։