ILGA-Еurope-ը հրապարակել է իր ամենամյա Rainbow Europe (Ծիածան Եվրոպա) քարտեզը, որում գնահատում է եվրոպական 49 երկրներում ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ կիրառվող իրավական ու քաղաքական գործընթացները և ըստ դրանց՝ դասակարգում երկրները։ 0%-ը նշանակում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ ու խտրականություն, 100%-ը՝ իրավունքների լիարժեք հավասարություն։
Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, 47-րդն տեղում է՝ 7․5%-ով, և գերազանցում է միայն Թուրքիային և Ադրբեջանին։ Վերջիններս ստացել են համապատասխանաբար 4% և 2․41%։ Հայաստանից մեկ հորիզոնականով բարձր է անգամ նույնասեռականության «պրոպագանդայի» դեմ օրենք ունեցող Ռուսաստանը՝ 8․45%-ով։ Վրաստանը տարածաշրջանի առաջատարն է և 24․55%-ով գտնվում է 34-րդ տեղում։
Ցուցակն արդեն յոթերորդ տարին է, ինչ գլխավորում է Մալթան՝ 92%։ Նրան հաջորդում են Դանիան, Բելգիան, Նորվեգիան և Լյուքսեմբուրգը։
Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակը բարելավելու համար կազմակերպությունը ներկայացրել է հետևյալ առաջարկները.
— Ընդունել ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի մասին օրենքներ, որոնք բացահայտ կերպով ընդգրկում են սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը (ՍԿԳԻ), ինչպես նաև գենդերային արտահայտումն ու սեռի հատկանիշը՝ որպես կողմնակալ վերաբերմունք ունեցող հանցագործությունների հիմքեր:
— Աշխատանքային հարաբերություններում խտրականության և խտրականությունն արգելող օրենսդրության մեջ հատուկ ներառել ՍԿԳԻ-ն, գենդերային արտահայտումն ու սեռի հատկանիշը որպես հիմքեր:
— Մշակել արդար, թափանցիկ իրավական դաշտ՝ գենդերի իրավական ճանաչման համար, որը հիմնված է ինքնորոշման գործընթացի վրա՝ բացառելով չարաշահող պահանջները:
Pink Armenia-ն՝ անդրադառնալով զեկույցին, գրել է, որ այս տարի արձանագրել է ՍԿԳԻ հիմքով խտրականության 37 դեպք, որոնցից 9-ը ներկայացվել են իրավական մարմիններին։ Գործերից մի քանիսը մերժվել են, մնացած դեպքերին էլ դեռ պատշաճ կերպով ընթացք չի տրվել։ Դեպքերից միայն մեկն է դատարանում հայտնվել։
2020թ․ Քրեական օրենսգիրքում փոփոխություն է կատարվել, ըստ որի ատելության խոսքի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ ՍԿԳԻ կամ գենդերային արտահայտման հիմքերը հստակորեն ներառված չեն օրենքում։
2020-ին կազմակերպությունը ոստիկանություն է հաղորդել ատելության խոսքի 4, իսկ 2021-ին՝ 5 դեպքի մասին։ Բոլոր դեպքերի քննությունն ի սկզբանե կարճվել է․ իրավապահները հայտարարել են, թե իբր որևէ հանցագործություն տեղի չի ունեցել, դեպքերը դիտարկվել են «խոսքի ազատության» շրջանակներում։ Pink Armenia հասարակական կազմակերպությունը որոշումներից 8-ը բողոքարկել է, որոնցից 3-ի դեպքումհարուցվել է քրեական գործ։
Ամբողջական զեկույցին անգլերենով կարող եք ծանոթանալ այստեղ։