Home / Հայաստան / Ղարաբաղի խաթր ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ

Ղարաբաղի խաթր ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ

Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ազատությանը» տված հարցազրույցում։

«ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը», – ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարը :

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարում է, որ «Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործելու։ Ուստի, Հայաստանում կամ որևէ այլ երկրում Մինսկի խմբի մասին ցանկացած շահարկում անիմաստ է»։

«Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել», – ընդգծել է Քերըն Դոնֆրիդը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել էին աշխատել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե այլևս չի պատկերացնում՝ ինչ ապագա կարող է ունենալ Մինսկի խմբի համանախագահող եռյակը։ Հայաստանի արտգործնախարարը պնդում էր հակառակը՝ «Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում»։

Պաշտոնական Երևանը վերջին անգամ Մինսկի խմբին է դիմել մարտի 14-ին՝ խնդրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպել։ Մինսկի խմբից արձագանք մինչև օրս չի եղել:

ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Շվեդիան, Չեխոսլովակիան, Ֆինլանդիան։