Home / Ազգային ժողով / Փաստերը կարծիքներից տարանջատելն անհնար է․ հետ կանչեք օրինագծերի փաթեթը

Փաստերը կարծիքներից տարանջատելն անհնար է․ հետ կանչեք օրինագծերի փաթեթը

Վաղը՝ հունիսի 21-ին, ավարտվում է պաշտոնական e-draft.am հարթակում տեղադրված` «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամկետը։ Ըստ էության, այս փաստաթուղթը պատշաճ ուշադրության չի արժանացել. առայսօր դրա վերաբերյալ արձանագրվել է 0 կողմ և 0 դեմ ձայն։ Մինչդեռ, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած այս օրենսդրական նախաձեռնությունը, որին մասնակցել են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Հանրային հեռարձակողի խորհուրդը և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն, խոր մտահոգություն է առաջացրել մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների շրջանում։

Վերջիններիս տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․

– Առնվազն տարակուսելի է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում այսպիսի ծավալուն փոփոխություններ ու լրացումներ կատարելու գաղափարի առաջադրումը, քննարկումն ու բուն նախագծի մշակումը տեղի են ունեցել առանց Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի իմացության և գործուն մասնակցության։ Դա հատկապես անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ տվյալ նախաձեռնությամբ ենթադրվում է փոփոխություններ իրականացնել ոչ միայն վերոնշյալ, այլ նաև ոլորտին վերաբերող 7 այլ օրենքներում, այդ թվում` ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող «Զանգվածային լրատվության մասին» մայր օրենքում։

Բացի այդ, գործընթացում որևէ կերպ չեն ներգրավվել լրագրողական հասարակական կազմակերպությունները, որոնց մեջ կան տասնամյակներ շարունակ հեռարձակման ոլորտի խնդիրներով զբաղվող, բազմաթիվ հետազոտություններ անցկացրած, միջազգային փորձը ուսումնասիրած, վերլուծություններ, առաջարկություններ և օրինագծեր պատրաստած կառույցներ։

․․․Առհասարակ օրինագծում այնքան շատ են բովանդակային թերություններն ու բացթողումները, որ հնարավոր չէ դրանց անդրադառնալ այս հայտարարության շրջանակներում։ Այդուհանդերձ, նշենք մի քանիսը․ մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչու է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքից հանվում 1-ին հոդվածի 5-րդ կետի 4-րդ մասը, ինչով, փաստորեն, կարգավորումներից դուրս են մղվում մասնավոր մուլտիպլեքսի սլոթ օգտագործող հեռուստաընկերությունները։ Ինչ է, օրինագծի հեղինակները համոզված են, որ երկրում չի ձևավորվելու և չի գործելու վերգետնյա թվային հեռարձակման մասնավոր ցա՞նց։ Կամ երբ պարտադրվում է հեռուստանյութերում հստակ տարանջատել փաստերը կարծիքներից, ինչը գերազանցապես ինքնակարգավորման խնդիր է, արդյո՞ք ՀՌՀ-ն ի վիճակի է լինելու վերհանել ահռելի տեղեկատվական հոսքից այդ պահանջի բոլոր խախտումները և պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին։ Իհարկե՝ ոչ։ Այստեղ սուբյեկտիվության, կամայականության և ընտրովի մոտեցումների լայն հնարավորություններ են բացվում, ինչն անթույլատրելի է։ Նույնը կարելի է ասել միայն հավաստի փաստեր հրապարակելու պահանջի մասին։ Այսպիսի դրույթները, կրկնում ենք, բազմաթիվ են․․․

Կազմակերպությունները կոչ են անում․

– ԲՏԱ նախարարությանը՝ հետ կանչել պաշտոնական e-draft.am հարթակում ներկայացված օրինագծերի փաթեթը, շահագրգիռ պետական և հասարակական կառույցների հետ մասնագիտական բաց քննարկումներ կազմակերպել հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ուղղությամբ։

– ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարարությանը, հարազատ մնալով լրագրողական կազմակերպությունների հետ համագործակցության Հուշագրի դրույթներին, աշխատանքներ տանել ԲՏԱ նախարարության հետ, որպեսզի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ենթադրվող փոփոխությունների իրականացումը համապատասխանեցվի համագործակցության Հուշագրով նախատեսված գործընթացներին՝ ներկայումս մշակվող հայեցակարգի սկզբունքներին համահունչ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ