Home / Մեդիա / Ժամանակին Քոչարյանն էր մեկնաբանում, թե ինչու Հանրայինը եթեր չի տրամադրում

Ժամանակին Քոչարյանն էր մեկնաբանում, թե ինչու Հանրայինը եթեր չի տրամադրում

Ռոբերտ Քոչարյանին անթաքույց կամ քողարկված սատարողները բողոքում են, թե, իբր, երկրում իշխանությունների կողմից ճնշումներ կան մամուլի հանդեպ: Եւ դա՝ այն դեպքում, երբ այսօր մեծ ռեսուրսներ ունեցող ԶԼՄ-ների մեծ մասն անթաքույց կամ քողարկված սատարում է հենց Քոչարյանին կամ նախկին իշխանություններին:

Մինչեւ հեղափոխությունը լրատվական դաշտի «բաժանումն» ակնհայտ էր: Մեծ սփռում ունեցող հեռարձակողների լուրերը գրեթե նույնաբովանդակ էին:

Այսօր պատկերն այլ է: Եթե իշխանությունը կարողանա անգամ ազդել, ապա նման ցանկության դեպքում կարող է դա անել միայն Հանրային հեռուստաընկերության պարագայում: Մյուսների դեպքում նման պնդում անելը առնվազն անխոհեմություն կլիներ. դրա համար բավական է նայել մյուս հեռուստաընկերությունների լուրերի թողարկումները, քաղաքական հաղորդումների բովանդակությունը, հրավիրյալ հյուրերին եւ այլն, եւ այսպես շարունակ:

Բայց քոչարյանականները, միեւնույն է՝ պնդում են, թե մամուլը ճնշվում է: Եւ դա պնդում են գրեթե բոլոր ԶԼՄ-ներով, իրենց այդ պնդումները եթեր են հեռարձակվում:  Նրանց խոսքը ազատ հեռարձակվում եւ տպվում է, բայց նրանք խոսում են ճնշումներից՝ մոռանալով, որ ճնշումը կոնկրետ գործողությամբ պիտի արտահայտված լինի, որովհետեւ եթե նախկինում նման պնդումներ արվում էին՝ դրանք արվում էին փաստարկված:

Ինչպե՞ս էր դա արվում նախկինում, կամ՝ ինչպես էին երեւում այդ ճնշումների կամ վերահսկողության արդյունքները. հեռուստաընկերություններին տրամադրվող արտոնագրերի տեսքով կամ եթերազրկմամբ, լրատվական-քաղաքական բովանդակության վերահսկման տեսքով, թեմաների եւ քաղաքական ուժերի ու գործիչների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի, լուսաբանման ռակուրսի համընդհանրացվածության տեսքով, գովազդների ուղղորդմամբ կամ գովազդազրկմամբ, անձնական վերահսկողությամբ, կոմպրոմատներով:

Այս երկար նախաբանի կարիքը, սակայն, կարող էր եւ չլինել: Բավական կլիներ միայն դիտարկել այսօրվա Հանրայինի լուրերի թողարկումներն ու քաղաքական հաղորդումները՝ մեկ պարզ հարցի պատասխանը ստանալու համար: Արդյո՞ք այդ ալիքով միայն իշխանությունները ունեն իրենց խոսքն ասելու հնարավորություն, արդյո՞ք ընդդիմադիրները զրկված են եթերից, արդյո՞ք ընդդիմադիրների մասին տոտալ կեղծիքներով ու հակաքարոզչությամբ, ատելության խոսքով հագեցած հաղորդումներ ու ռեպորտաժներ են հեռարձակվում:

Հանրայինը եթեր է հեռարձակում Քոչարյանի՝ բանտից հղած ուղերձը, իսկ քոչարյանականները բողոքում են՝ մոռանալով կրկին, որ այսօր քոչարյանական ժամանակները չեն, եւ որ այլեւս «Բաղրամայան 26»-ից չեն որոշում եթերային բովանդակությունն ու դրանց  ուղղվածությունը: Ընդ որում՝ խոսքը միայն նախընտրական ժամանակահատվածում տրամադրված հավասար եթերային հնարավորությունների մասին չէ, որն ամրագրված է օրենքով: Նրանց եթերի հնարավորություն էին տալիս ե՛ւ Երեւանի ավագանու ու ԱԺ ընտրություններից առաջ, ե՛ւ հետո: Ավելին, անգամ մարտիմեկյան սպանդի գործով անցնող մեղադրյալներին կամ նրանց սատարողներին են եթեր տրամադրում: Բայց նրանք մնացել են դեռ քոչարյանական ժամանակներում՝ կարծելով, թե իրենց դեմ «պայքարում են» իրենց մեթոդներով:

Նրանց հիշողությունը թարմացնելու համար ներկայացնենք հազարավոր օրինակներից մեկը միայն:

Աղաղակող փաստ, երբ քոչարյանական ժամանակներում ընդդիմությունը Հանրայինի եթերից զրկված էր ոչ միայն սովորական իրավիճակներում (էլ չենք խոսում ընդդիմության դեմ եղկելի լեզվով ու ատելության խոսքով լեցուն հաղորդումների մասին), այլեւ՝ անգամ նախընտրական փուլում: Հանրայինի եթերում բանտից հղած իր ելույթը լսող Քոչարյանը եւ նրան սատարողները թերեւս մոռացել են, թե ինչպես էր 2008 թվականի փետրվարին նույն Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանում, թե ինչու Հանրային հեռուստաընկերությունը եթեր չի տրամադրում նախագահի հիմնական թեկնածուն համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընդ որում, թե ինչու էր Քոչարյանը մեկնաբանում Հանրայինի գործունեությունը, դա էլ այլ հարց էր՝ ի վերջո, ինքը ոչ թե Հանրայինի խորհրդի նախագահն էր, այլ՝ Հայաստանի:

«Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին եթեր չի տրամադրում՝ ելնելով բարոյական նկատառումներից, գտնելով, որ այն մարդը, ում կողքին կանգնած են Հանրային Հեռուստառադիոընկերության խորհդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուները, չի կարող հավակնել ՀՀՀ եթերին: Դա կլինի անպատվում Նաղդալյանի հիշատակին, եւ ես համաձայն եմ նրանց կարծիքի հետ», – 2008 թվականի փետրվարի 29-ին՝ մարտիմեկյան սպանդից 1 օր առաջ, հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս, պատվիրատուներ ասելով՝ նկատի ուներ հարթակում կանգնած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, որի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, այն ժամանակ դեռ բանտում էր՝ Նաղդալյանի սպանության մեղադրանքով: Ի դեպ, 2008-ից հետո Արմեն Սարգսյանը դուրս եկավ բանտից,  ու պարզվեց, որ նա Սերժ Սարգսյանի ընկերն է, եւ ապա նա աշխատանքի անցավ ՊՆ-ում:

Բայց սա մի կողմ։ Եթե Հանրայինը եթեր չտրամադրեր բարոյական նկատառումներից ելնելով, ապա այսօր այդ հեռուստաընկերությունը Քոչարյանին եւ նրա կողմնակիցներին մեկ բառ անգամ եթերով ասելու հնարավորություն չպիտի տար, իսկ Քոչարյան ազգանունն էլ պիտի հիշատակվեր բացառապես ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի հաղորդագրությունների համատեքստում:

Վարդան Հակոբյան
ilur.am