Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման առավոտյան 9-ի թողարկումը լուսաբանել էր համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Յուրի Օգանեսյանի և Անի Ափրահամյանի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ինչպես հայտնում է sut.am կայքը, Նոյեմբերի 7-ի «Օրակարգի» թողարկման ընթացքում ամերիկահայ ֆիզիկոս Անի Ափրահամյանին ներկայացրել էր որպես Յուրի Օգանեսյանի կին, իսկ թողարկման վերջում էլ նշել էր, որ գիտնականները զույգ են։ Սակայն դա սուտ է՝ երկու գիտնականները ոչ զույգ են, ոչ էլ ամուսիններ:
Ավելին՝ «Օրակարգը» որևէ կերպ չի անդրադարձել այն հանգամանքին, որ ամերիկահայ գիտնական Անի Ափրահամյանը բազմաթիվ գիտական ձեռքբերումներ ունեցող և միջազգային ճանաչում վայելող գիտնական է, մինչդեռ Յուրի Օգանեսյանի գիտական կոչումները Հանրայինի եթերում թվարկվում են։
Այնինչ, Անի Ափրահամյանը Ամերիկայում ամենահայտնի միջուկային ֆիզիկոսներից է: Նա նաև Ֆիզիկոսների ամերիկյան ասոցիացիայի միջուկային ֆիզիկայի ստորաբաժանման ղեկավարն է:
Բացի այդ, «Օրակարգում» հատուկ շեշտվում է, որ Յուրի Օգանեսյանը այցելել է Հայաստան Համահայկական գիտական համաժողովին մասնակցելու համար։ Ըստ հաղորդավարի խոսքի՝ գիտնականը ՀՀ նախագահից անցյալ տարի խնդրել էր Համահայկական գիտական համաժողովը դարձնել ամենամյա։ Այնուհետև մեջբերվում է գիտնականի խոսքը․ «Ասացի լավ կլիներ, որ դա լիներ ամեն տարի, ընդունվեց։ Այս տարի երկրորդն էր, պատկերացրեք, ոչ պակաս, նույնիսկ ավելի լավ»։
Համահայկական գիտական համաժողովը Սերժ Սարգսյանի կողմից ամենամյա դարձնելու վերաբերյալ «Օրակարգի» անդրադարձը երևի որևէ կերպ հեռուստադիտողի ականջը չծակեր, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր ՀՀ իշխանությունների կողմից վերջերս կայացված և հայկական գիտությանը վնաս հասցնող երկու խոշոր որոշումից հետո։ Դրանցից առաջինը գիտության ֆինանսավորման կրճատումն է։ Հիշեցնենք, որ կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է․ այս տարվա 2,34%-ը 2018-ին կլինի 2,18%, 2019-ին` 1,99%, իսկ 2020-ին` 1.85%։ Իսկ երկրորդը՝ ուսման նպատակով տարկետման իրավունքը վերացնող «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է։ Հետևաբար, անկախ կազմակերպվող կոնֆերանսների և գիտաժողովների քանակից՝ Հայաստանի կառավարության կողմից գիտության հանդեպ վերաբերմունքը 2017թ․-ին միանշանակ բացասական է եղել, նշում է sut.am-ը։