Որպեսզի Հանրային հեռուստառադիոընկերությունն իր ծրագիրն իրականացնի, պետք է պետական բյուջեից ֆինանսավորումը առնվազն երկու անգամ ավելացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը։ Նախորդ տարի Հանրայինը ծախսել է 4 միլիարդ 177 միլիոն դրամ։
Նրա խոսքով՝ ներկայիս սուղ ֆինանսական վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ կառավարության որոշմամբ Հանրայինի եթերից հանվել է առևտրային գովազդը:
Հիշեցնենք, որ օրենքն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերին: Ըստ այդմ՝ «Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ»:
Լրագրողները Ջաղինյանին հարցրել են՝ արդյոք նա համարում է, որ Հանրայինը կատարում է կամ ֆինանսների ավելացման դեպքում կկատարի հանրային ԶԼՄ-ի գործառույթը, կամ արդյոք Հանրայինի կողմից իրադարձությունների լուսաբանումը բազմակողմանի է։ Խորհրդի նախագահը չի ցանկացել պատասխանել հարցին և հեռացել է ԱԺ-ից:
Մինչ դա էլ լրագրողները հետաքրքրվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշի մասին, ինչին ի պատասխան Ջաղինյանը նշել է, թե սուտ է, որ խորհրդանիշը պլագիատ է։
Այն, ըստ Ջաղինյանի, նման է անմոռուկով այլ լոգոների՝ «մի քիչ շատ, մի քիչ քիչ», սակայն նույնը չէ: Բացի դա, Ջաղինյանի խոսքով՝ կարևոր է լոգոյի իմաստը, նշանակությունը: