«Եթե դու միայն Հ1 ես նայում և չունես ինտերնետ, ապա դու չես իմանա, թե իրականում ինչ է կատարվել ՍԴ նիստի ժամանակ, չես իմանա, թե ինչ է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում»: Այս մասին Media.am-ում գրել է լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
– Այս փորձը վաղուց էի ուզում անել, սակայն անընդհատ հետաձգում էի: Եվ ահա 2013 թվականի մարտի 11-ին որոշեցի, այնուամենայնիվ, իրագործել մտադրությունս, թեպետ գիտեի, որ դա իսկական փորձություն է նորմալ մարդու համար:
Իսկ փորձի էությունը հետեւյալն է. ենթադրենք ես Հայաստանի հեռավոր բնակավայրի բնակիչ եմ, չունեմ ինտերնետ, տեղեկություններ էլ կարող եմ ստանալ միայն Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքի լուրերը դիտելով. ի՞նչ կիմանամ եւ ի՞նչ չեմ իմանա:
Եվ այսպես, երկուշաբթի՝ մարտի 11-ի լուրերի առաջին թողարկումը ժամը 13-ին էր. առաջին լուր՝ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա. պաշտոնական տեքստ այն մասին, թե ինչ հանդիպումներ եւ քննարկումներ կլինեն:
Այնուհետեւ՝ Սահմանադրական դատարանում սկսվել է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցի քննությունը: Ոչ մի օրվա կադր: Ցուցադրվում են արխիվային կադրեր եւ մի տեքստ, թե ովքեր են ներկայացնելու հայցը, ովքեր են պատասխանելու եւ այլն, ապա՝ այնտեղ է նկարահանող խումբը եւ զարգացումների մասին կպատմեն հաջորդ թողարկումներում (իսկ թե ինչ պատմեցին հաջորդ թողարկումներում, կտեսնեք ստորեւ):
Նկատի ունեցեք, որ ՍԴ նիստը սկսվել էր ժամը 10-ին, եւ առնվազն երեք կայք համացանցում ուղիղ հեռարձակում էր իրականցնում:
Հաջորդ տեղեկությունը. Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը Panorama.am-ի հարցին ի պատասխան պարզաբանում է տալիս, որ Սարգսյանը Րաֆֆիի Հովհաննիսյանին հրավիրել է հանդիպման, բայց վերջինս մերժել է: Իսկ թե ինչո՞ւ նման հարց առաջացավ, ինչու էր անհրաժեշտ նման պարզաբանումը, հեռուստադիտողն այդպես էլ չի հասկանում, որովհետեւ ոչինչ չի ասվում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախօրեին հայտարարած հացադուլի եւ Սերժ Սարգսյանին հղված հանդիպման ակնկալիքի մասին:
Հաջորդ տեղական լուրը. սկսվում են առաջադրումները Երեւանի ավագանու ընտրություններում… Վերջ, վերջացան հանրապետական լուրերը: Ոչինչ այլեւս չի կատարվում Հայաստանում, անցան աշխարհին:
Պատմեցին Գերմանիայում հրդեհի ու դրա զոհերի մասին, իսկ որ Գեղարքունիքում 20 հայով ավտոբուս է վթարվել՝ ոչ մի բառ: Պատմեցին Բաքվի ցույցերի մասին, նույնիսկ կադրեր ցուցադրեցին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներից նստացույցից՝ ոչ մի բառ: Իսպանիայում գործադուլ է, Վատիկանում նոր Պապ պիտի ընտրեն, Ֆոլկլենդյան կղզիներում էլ հանրաքվե է:
… Հետո նորից վերադառնում են Հայաստան եւ…Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Էլդա Գրինի հոբելյանի առթիվ… Սպասեք, բայց դա համացանցում երեկ արդեն կար: Դե լավ, մտածում եմ, երեկ կիրակի էր՝ լուրեր չեն ունեցել, դրա համար էլ այսօր են տալիս:
Բայց որքան մեծ է զարմանքս, երբ այս նույն շնորհավորանքի մասին նույն տեքստը հնչում է նաեւ ժամը 17-ի, եւ, ուշադրություն, հիմնական՝ ժամը 21-ի թողարկումներում: Խեղճ հեռուստադիտող, տեսնես ի՞նչ վատություն էր արել Էլդա Գրինին…
Հետո՝ լուր, որ մահացել է ակադմիկոս Ավդալբեգյանը, եւ նրա ընտանիքին ցավակցել է Սերժ Սարգսյանը… Սա էլ երեկ էր, բայց սա էլ կրկնվում է բոլոր երեք թողարկումներում, ընդ որում՝ ժամը 21-ին արդեն նաեւ ակադեմիկոսի մասին մեծ ռեպորտաժով: Հա, չմոռանամ ասել, որ հաղորդավարուհին ժամը 13-ի թողարկումն ավարտում է հետեւյալ նախադասությամբ՝ «Առավել թարմ նորություններով կհանդիպենք ժամը 17-ին»:
Անհամբեր սպասում եմ ժամը 17-ի թողարկմանը՝ առավել թարմ նորություններ իմանալու համար: Վերջապես եկավ այդ ժամը. ահա, իսկապես թարմ լուր է. Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին: Բնականաբար, պաշտոնական հաղորդագրություն՝ ոչինչ չասող արտահայտություններով:
Իսկ հետո… Դե իսկ հետո գալիս են ժամը 13-ի լուրերը նույն հաջորդականությամբ. Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, ՍԴ նիստը… Վայ, լավ է՝ օրվա կադրեր են, սակայն բացման տեքստը նույնն է, հույսով սպասում եմ, թե նորություն կլինի… Կա, բայց այնպիսի խոսք է, որից հասկանում ես, թե ինչքան անպատրաստ են ՍԴ դիմածները եւ ինչքան պուպուշ են դատավորներն ու պատասխանողները:
.. Ու մեկ էլ՝ հոպ՝ Մուկուչյանի սինխրոնը… Դե, իհարկե, առանց դրա չէր լինի, բա հո Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնողների կամ Անդրիաս Ղուկասյանի սինխրոնը չէի՞ն տալու… Կարեւորը ԿԸՀ նախագահի կարծիքն է, հեռուստադիտողը միայն դրան է սպասում եւ թքած ունի մյուս կողմի կարծիքի վրա… Շատ թարմ էր, շատ…
Ու նորից Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի՝ Պանորամայի հարցին տված պատասխանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հանդիպումից հրաժարվելու մասին: Իսկ այն, որ դրա վերաբերյալ արդեն պարզաբանում է տվել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, տեղ չի գտնում: Դե, դա ինչ թարմ լուր է, որ. կարեւորը միայն մի՛ կողմի՝ պաշտոնական կարծիքն է…
Հետո՝ դարձյալ Երեւանի ավագանու ընտրությունների մասին նույն տեքստը նույն կադրերով… Անցանք միջազգային լուրերին… Բոլորը նույնն են, ինչ ժամը 13-ին, այդ թվում Ադրբեջանում ցույցերի ցրումը, Կոնկլավը, Ֆոլկլենդների հանրաքվեն, Գերմանիայի հրդեհը…
Վայ, մի նորություն՝ Մոսկվայում Լավրովը հանդիպել է Սիրիայի ընդդիմությանը: Այս 4 ժամվա ընթացքում աշխարհում ոչ մի ուրիշ նոր բան չէր կատարվել… Վերադառնում ենք Հայաստան: Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները պատմության գիրք են ներկայացրել համալսարանում: Լավ է, նորություն է:
Սպասենք, թե էլ ինչ նորություն կլինի: Կա՝ ժամը 15-ին Արմավիրի մոտ երկրաշարժ է եղել, որ զգացվել է Մեծամորում… Բայց, գրողը տանի, չէ՞ որ սա առնչվում է ատոմակայանին, բնակչության անվտանգությանը, չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ սա պիտի առաջին լուր լիներ այս թողարկման մեջ եւ ոչ թե հպանցիկ ինչ-որ բան, ավելին՝ պիտի պարզաբանումներ լինեին, որ ոչ մի վտանգ չկա կամ կան ինչ-ինչ վտանգներ… Չէ, ոչ մի բառ… թռուցիկ լուր, որ մոռանում ու հետո այլեւս չեն հնչեցնում անգամ ժամը 21-ի հիմնական թողարկմանը…
Դե իսկ հետո՝ Էլդա Գրինին շնորհավորել է… Մահացել է ակադեմիկոս Ավդալբեգյանը… Եվ ինչ-որ ռեպորտաժ մեղվաբուծության մասին… Վերջ: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ չի անում, Ազատության հրապարակում ոչինչ չի կատարվում:
Սպասենք ժամը 21-ի՝ հիմնական թողարկմանը, գուցե նոր բան իմանանք: Իմացանք՝ Սերժ Սարգսյանն արդեն մեկնել է Մոսկվա… մնացյալը նույն տեքստն է՝ ինչ հանդիպումներ կլինեն, ինչ կքննարկեն…
Հետո, դե ստանդարտ՝ մինչ Մոսկվա մեկնելը Սերժ Սարգսյանը հանդիպել Սայմոն Ֆրեյզերի հետ, վերջինիս հետ հանդիպել է նաեւ Էդվարդ Նալբանդյանը… բայց ես արդեն համացանցում տեսել եմ նաեւ Ֆրեյզերի ասուլիսից նյութեր… Հանրայինում ոչ մի խոսք այդ մասին… Դե, հո չէի՞ն ասի, որ Մաքսային միության մասին Ֆրեյզերն էնքան էլ լավ չի արտահայտվել…
Այսօրվանից սկսվում են Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումները…. Նույն՝ ժամը 13-ի տեքստը նույն արխիվային կադրերով… ՍԴ նիստը… Չկրկնեմ, նույն ռեպորտաժը՝ նույն միակողմանի կարծիքով…
Վայ, նորություն՝ երեկվանից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս է տվել Ազատության հրապարակում… Սինխրոն… միայն Պուտինի եւ այլոց շնորհավորանքների մասին… Իսկ ինչ է ասել ներքաղաքական խնդիրների եւ իր հացադուլի պահանջների մասին… չիմացանք:
Դրա փոխարեն նորից լսեցինք, որ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանդիպումից հրաժարվելու մասին… Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում անդրադարձել է դրան, մինչ այդ Հովսեփ Խուրշուդյանն էր պարզաբանում տվել… Չէ… Առաջին լրատվականն այդ մասին ոչ մի խոսք չի ասում…
Ըհը՝ Ադրբեջանի ցույցերին նորից անդրադարձան, համարյա նույն տեքստով: Իսկ Ազատության հրապարակում երիտասարդության նստացուցեր չեն սկսվել:
Անցանք միջազգային լուրերին, հետո նորից՝ համալսարանում ներկայացված գիրքը, Ավդալբեգյանի մահը՝ մեծ ռեպորտաժով, մահացել է գիտնական Միքայել Մինասյանը, Գյումրիում ներկայացվել է Շիրակի նոր մարզպետը, Երեւանի քաղաքապետարանում էլ հերթական խորհրդակցությունն էր եւ, իհարկե, Էլդա Գրինին շնորհավորանքը… Երեւի հասկացաք, որ այս ամենն ավարտվում է մեղվաբուծության մասին ռեպորտաժով…
Այսիպիսով, եթե դու միայն Հ1 ես նայում եւ չունես ինտերնետ, ապա դու չես իմանա, թե իրականում ինչ է կատարվել ՍԴ նիստի ժամանակ, չես իմանա, թե ինչ է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում, չես իմանա, որ արտասահմանցի դիտորդը ընտրախախտումների աղաղակող փաստ է հայտնել նամակով, չես իմանա, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը եւ ինչպես է արձագանքել, ըստ էության, հնչած սպառնալիքին… Դու էլի շատ բան չես իմանա:
Դրա փոխարեն լավ կիմանաս, թե ամբողջ օրն ինչ է արել Սերժ Սարգսյանը, ինչ լավն են իշխանության ներկայացուցչները ՍԴ-ում, ինչ փիս երկիր է Ադրբեջանը, որտեղ ցուցարարների են ծեծում… Մենակ էդպես էլ չես հասկանա, թե ով է էլդա Գրինը, եւ ինչու է մեկ օրվա մեջ երեք անգամ հիշատակվում նրան շնորհավորելը …
Մեսրոպ Հարությունյան
Լուսանկարը՝ journ.brusov.am-ի